Ես էլ իմ ծննդավայրում կդիմավորեի Շարմազանովին ու Աշոտյանին. Սուրենյանցը մեկնաբանում է Արմեն Սարգսյանի քայլը
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը արտառոց չի համարում այն, որ նույն կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Արամ Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը դիմավորել է նախընտրական քարոզչության շրջանակներում Արարատ ժամանած Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին:
«Արմեն Սարգսյանը քաղաքական գործիչ չէ և երբեք չի հայտարարել, որ քաղաքական այս կամ այն թիմի անդամն է: Մարդն ազատ է, հետևաբար` իր գործողություններն էլ ազատ են»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով կատարվածը` փոխանցեց «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամը:
Նրա խոսքերով` պետք չէ ծայրահեղ աստիճանի քաղաքականացնել Արմեն Սարգսյանի քայլը, քանի որ նա այդպիսով արտահայտել է իր ավագ եղբոր` Վազգեն Սարգսյանի ընկերոջ նկատմամբ իր զգացումները:
«Եթե մարդը ջերմ ընկերական հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և, բնականաբար, եթե երկուսն էլ այցելեն Արարատ, պետք է երկուսին էլ դիմավորի: Ես այդտեղ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում», -փոխանցեց Սուրենյանցը:
Նա ասաց, որ նույնն էլ ինքը կաներ, եթե, ասենք, հանրապետականներ Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը գնային իր ծննդավայր Լուսակերտ: «Ես անպայման գյուղի մուտքի մոտ իրենց կդիմավորեի` անկախ քաղաքական հայացքներից: Այդպես էլ Արմենը: Նա ազատ է իր գործողությունների մեջ: Եթե Արմենն ու Արամը եղբայրներ են, դա չի նշանակում, որ մեկի գործողությունը պետք է կաշկանդի և վնաս տա մյուսին», - հավելեց Սուրենյանցը:
Իր վերջին ասուլիսում Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ Արամ Զավենի Սարգսյանն իր ընկերն է և նրան չի հրավիրի բանավեճի: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ դա ազդի Արամ Զավենիչի ընդդիմադիր հեղինակության վրա, Սուրենյանցը պատասխանեց. «Բացարձակապես չի կարող ազդել. մարդկային, ընկերական հարաբերությունները շատ թանկ են, և պարոն Հայրապետյանը շատ անկեղծ է արտահայտվել: Իմիջիայլոց, պարոն Հայրապետյանը նաև իմ ավագ ընկերն է: Մարդկային որակները երբեք պետք չէ խառնել քաղաքականությանը»:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը նախընտրական քարոզչության շրջանակներում Արարատ քաղաքում Սերժ Սարգսյանին դիմավորել էր ապրիլի 13-ին: Լրագրողները Արմեն Սարգսյանից հետաքրքրվել էին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ինքը սատարում է ՀՀԿ-ին, Արմեն Սարգսյանը պատասխանել էր, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում և չի մտածում որևէ մեկին սատարել-չսատարելու մասին. «Ես սատարում եմ իմ մեծ եղբոր ընկերներին, ովքեր իմ եղբոր ընկերներն եղել և մնում են»,- ասել էր նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա