Ա. Միքայելյան. Գիտության նկատմամբ թույլ տրված սխալը պետք է արագ վերացնել, այլ ոչ թե հեռանկարային ծրագրեր մշակել
«Քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը միանման են, հատկապես գիտության ոլորտին վերաբերող կետերը` ավելացնել ֆինանսավորումը: Միայն թվեր են հնչեցվում, բայց չեն հայտարարվում, թե որտեղից պետք է հայթայթեն այդ գումարները կամ գոնե իշխող կուսակցությունները ինչու մինչև այժմ չեն արել ու սպասում են, որ նորից հայտնվեն Ազգային ժողովում ու նոր սկսեն իրականացնել: Հերթական խոստումներ են ու վստահ չեմ` կիրագործվեն, թե ոչ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար Արեգ Միքայելյանը:
Նրա կարծիքով, գիտության ֆինանսավորման ավելացումն ցանկության դեպքում հեշտ կլինի, քանի որ շատ գումարներ անհրաժեշտ չեն:
«Այնպես է ստացվել, որ վերջին քսան տարում ամենացածրը վարձատրվում են գիտնականները, մինչդեռ բոլոր երկրներում գիտնականներն ավելի բարձր են վարձատրվում, քան, ասենք ուսուցիչները, դասախոսները: Նրանք սովորեցնում, փոխանցում են գիտնականների ստեղծածը, իսկ ստեղծելն ամենաբարդ գործն է»,- ասաց Ա. Միքայելյանը:
Ըստ նրա, քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում ավելի շատ անդրադարձ կա կրթական ոլորտին, քան գիտությանը: Նա բնական է դա համարում, քանի որ, Ա. Միքայելյանի խոսքով, գիտնականները մեծ ընտրազանգված չեն կազմում:
Մեր զրուցակցի կարծիքով, բոլոր կուսակցությունները ճիշտ կանեին, որ իրենց ծրագրերի, քաղաքականության մշակման գործում ընդգրկեին նաև գիտնականների:
«Ոչ մի կուսակցության չեմ պատկանում, ոչ էլ լուրջ եմ վերաբերում այդ քաղաքական խաղերին, բայց եթե, իրոք, լինեին կուսակցություններ, որոնք կտարբերվեին ու լուրջ ծրագրեր կմշակեին, լուրջ նպատակներ կհետապնդեին, շատ գիտնականներ կանդամագրվեի: Դա վատ չէր լինի, քանի որ գիտնականները հասարակության վերնախավն են ու կնպաստեին կուսակցությունների գործունեության, հեղինակության բարձրացմանը»,- ասաց Հայկական աստղագիտական ընկերության ղեկավարը:
Նա նշեց, որ գիտության նկատմամբ թույլ տրված սխալը, պետության կողմից թերի վերաբերմուքը, պետք է արագ վերացնել, այլ ոչ թե հեռանկարային ծրագրեր մշակել: Ա. Միքայելյանը վստահ է, որ նման վերաբերմունքը կբերի գիտության լիակատար կործանման:
«Եթե քսան տարի հետո գիտության վիճակը լավանա, արդեն արժեք չի ունենա, քանի որ այս ընթացքում գիտնականները կհեռանան երկրից կամ գիտությունը կվերանա: Նորից զրոյից սկսել գիտություն ստեղծել, պրակտիկորեն անհնար է: Մի քանի տասնամյակ կպահանջվի: Այսօր մեր առկա ռեսուրսները, ենթակառուցվածքները, որ դեռևս գործում են բավարար են, հարկավոր է միայն ֆինանավորումը մի փոքր ավելացնել ու գիտության հարցերը կլուծվեն»,- ասաց նա ու ընդգծեց, որ կուսակցությունները պետք է հասկանան, որ առանց լուրջ գիտության, առանց զարգացած գիտության ոչ մի երկիր ապագա չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան