Հարավաֆրիկյան Հանրապետության 70-ամյա նախագահ Ջեյքոբ Զուման ամուսնանում է վեցերորդ անգամ
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման պատրաստվում է իր վեցերորդ ամուսնությանը` լինելով արդեն երեք կանանց ամուսին: «ԲիԲիՍի» հեռուստառադիոընկերության հաղորդմամբ, ամուսնության հանդիսավոր արարողությունը նախանշված է հաջորդ շաբաթ:
Զումայի մամուլի քարտուղարը հայտարարել է, թե երկրի ղեկավարի հարսնացուն Գլորիա Բոնգի Նգեման է, որ կդառնա նախագահի չորրորդ կինը, քանզի աֆրիկյան այդ հանրապետությունում թույլատրված է բազմակնությունը:
Նշվում է, թե կարգի համաձայն, նախագահը պաշտոնական միջոցառումներին ներկայանում է իր կանանցից յուրաքանչյուրի հետ հերթով: Այս ամուսնությունը լինելու է վեցերորդը Զումայի համար: Նախկինում նախագահը բաժանվել էր իր կանանցից մեկի հետ, իսկ մյուսը 2000 թ-ին ինքնասպանություն էր գործել:
ՀԱՀ-ի նախագահը, ով իր պաշտոնը ստանձնել է 2009 թ-ին, վերջերս նշել էր իր 70-ամյակը: Նա հանդիսանում է 21 երեխայի հայր:
Նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդագրության համաձայն, հարսանյաց արարողությունը չի կազմակերպվելու բյուջետային միջոցների հաշվին: