Բրեյվիկը լաց է եղել, երբ դատարանում ցուցադրվել է իր իրագործած ահաբեկչությունների տեսագրությունը
Կրկնակի ահաբեկչության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկն այսօր մեկնարկած դատավարության առաջին նիստի ժամանակ լաց է եղել, երբ դատարանում ցուցադրվել է վերջինիս կատարած ահաբեկչությունների տեսագրությունը: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, նիստի ընթացքում Բրեյվիկն հիմնականում իրեն հանգիստ է պահում: Մեղադրական ճառի ընթերցման ժամանակ, որի ընթացքում թվարկվել են ահաբեկչի կողմից գնդակահարված բոլոր 77 անունները, Բրեյվիկն սառնասրտորեն է ընդունել, սակայն հետո ժպտացել է, երբ խոսք է գնացել սպանված պատանիների մասին:
Հիշեցնենք, 2011 թ-ի հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկը կազմակերպել և իրականացրել էր կրկնակի ահաբեկչություն Նորվեգիայում: Նախ` հանցագործը պայթյուն էր իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում, այնուհետև Ուտոյա կղզում անկանոն կրակահերթ էր բացել իշխող կուսակցության երիտասարդական ճամբարում հանգստացող պատանիների ուղղությամբ:
Նորվեգացին առանց դիմակայության հանձնվել էր ոստիկանությանը և բազմիցս հայտարարել, թե իրեն մեղավոր չի ճանաչում: Ըստ հանցագործի, իր գործողություններն անհրաժեշտ են եղել նորվեգական հասարակության ուշադրությունը հրավիրելու` Եվրոպա օր օրի ներթափանցող մուսուլման միգրանտների հոսքին:
Փաստաբանների խոսքերով, դատարանում Բրեյվիկը պատրաստվում է իր գործողությունները հիմնավորել որպես «ինքնապաշտպանություն»: Ավելի վաղ նա հայտարարել էր, թե գիտակցել է՝ ինչ է արել և «ափսոսում է, որ չի կարողացել ավելին անել»: