Դանիայում ու Գերմանիայում կազմակերպվելու են հայ գրքին նվիրված ցուցահանդեսներ
Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ՀՀ մշակույթի նախարարության և Կոպենհագենի Թագավորական գրադարանի (The Black Diamond) հետ համատեղ, հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ ապրիլի 17-ին կբացի «Հայաստան… գրքի ճանապարհ» խորագրով հայկական հնագույն գրքերի ցուցահանդես, որը կուղեկցվի կամերային երաժշտության համերգով:
Իսկ ապրիլի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում /Վաշինգտոն/ կկայանա «Իմանալ հայ գրական ավանդույթների իմաստն ու մանրամասները» խորագրով ցուցահանդես-ընդունելությունը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից:
Նշենք, որ նախօրեին Գերմանիայում` Հալլե քաղաքի «Kunstforum» սրահում է կազմակերպվել «Տառարվեստ և պատկերի հրաշք. Հայ գրատպության 500-ամյակ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են Գերմանիայում պահվող հնատիպ գրքեր, ինչպես նաև ցուցանմուշներ Հայաստանից` «Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան»-ից, Հայաստանի Ազգային գրադարանից և Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանից:
Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ արտերկրում անցկացվող այս նախաձեռնություններին մասնակցում է ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ:
Հայերեն առաջին տպագիր գիրքը «Ուրբաթագիրք»-ն է։ Տպագրվել է Վենետիկում 1512 թ. Հակոբ Մեղապարտի կողմից։ Ունի 124 թղթյա էջ, 24 վերնախորագրային զարդանախշ, տպագրված է սև և կարմիր գույներով։ «Ուրբաթագրքի» մեկ օրինակ պահպանվում է Ազգային գրադարանում, որն էլ գրադարանի ֆոնդի ամենահին գիրքն է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները