Կհրատարակվի Մեծ Եղեռնի վերաբերյալ փաստաթղթերի հերթական խումբը
Հայոց Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումը հայ ժողովրդի պահանջատիրական շարժման բաղակացուցիչ մասն է: Այօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Բանախոսը տեղեկացրեց, որ ՀՀ ազգային արխիվը հրատարակության է պատրաստում Մեծ Եղեռնի վերաբերյալ փաստաթղթերի հերթական խումբը:
«Դեռևս 1916 թվականին մի ծրագիր է իրականացվել` «Վշտապատում» անվանումով: Տարբեր տարիքի մարդիկ շրջել են հայ գաղթականներով բնակեցված բնակավայրերով և գրի են առել նրանցվկայությունները՝ այն ամենը, թե ինչ է տեղի ունեցել այս մարդկանց հետ ընդամենը մեկ տարի առաջ` 1915թ-ին: Մենք ունենք այդպիսի մոտ 1000 փաստաթուղթ, որոնք առանց բացառության պատրաստ են հրատարակվելու: Գումարը և տպարանը արդեն կան, հովանավորներ էլ ունենք»,- նշեց Ամատունի Վիրաբյանը:
Արխիվի տնօրենի խոսքով, սկզբնական շրջանում նախատեսվում էր փաստաթղթերի մի խումբը հրատարակել մի մինչև ապրիլի 24-ը, բայց տեղանունների հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչի պատճառով հրատարակումը հետաձգվել է մինչև մայիս:
Ըստ բանախոսի, հրատարակվելիք երեք հատորից առաջինը վերաբերում է Վանին, երկրորդը՝ Բիթլիսին, երրորդը՝ Կարսին, Տիգրանակերտին, Խարբերդին և մյուս հայաբնակ վայրերին: Եվ մեկ առանձին հատոր կներկայացնի Կիլիկիայի հայաթափության փաստերը:
Ամատունի Վիրաբյանը նշեց, որ այս ամենից բացի, Ազգային արխիվը նախատեսում է մոտ ժամանակներս իրականացնել ևս երկու կարևոր ծրագիր:
«1918,թ Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ջանքերով ստեղծվեց մի հանձնախումբ, որը, շրջելով գաղթականներերով բնակեցված շրջաններում՝ գրի էր առնում, թե ինչ բարոյական և նյութական վնասներ են կրել նրանք: Վկայությունները գրի են առնվել ռուսերենով և այդ իսկ պատճառով կրում են ռուսերեն «Անկետա» անունը: Կա շուրջ 29 հազար այդպիսի փաստաթուղթ»,- նշեց Ամատունի Վիրաբյանը` հավելելով, որ այս փաստաթղթերը ևս պատրաստվում են հրատարակության:
Հաջորդ կարևոր քայլը, ըստ նրա, 1915-1922 թթ. ջարդերի զոհ դարձած անձանց անուններով և տվյալներով էլեկտրոնային շտեմարանի ստեղծումն է: