Ինտերնետ արագությամբ Հայաստանը զգալիորեն առաջ է անցել Ադրբեջանից
Լայնաշերտ ինտերնետ ցանցերի ոլորտում մասնագիտացած հեղինակավոր «Օօկլա» ընկերությունը հրապարակել է աշխարհի երկրների ինտերնետ արագության ցուցանիշով «Նեթ Ինդեքս» վարկանիշային աղյուսակը:
Արդյունքների համաձայն, Հայաստանը 174 երկրների շարքում ներբեռնման միջին 5,01 մեգաբիթ/վայրկյանում արագությամբ զբաղեցնում է 76-րդ հորիզոնականը: Տվյալները ստացվել են 253,016 ունիկալ IP հասցեների՝ մարտի 16-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում վերլուծության արդյունքում:
Ինտերնետ թրաֆիկի ներբեռնման միջին արագությունը Երևանում կազմում է 4,62 մեգաբիթ/վայրկյանում, իսկ Աբովյան քաղաքում ՝ 1,72 մեգաբիթ/վայրկյանում:
Ընկերությունը կազմել է նաև վերբեռնման միջին արագության ցուցանիշով վարկանիշային աղյուսակ, որում Հայաստանը զբաղեցրել է 39-րդ հորիզոնական 3,43 մեգաբիթ/վայրկյանում միջին արագությամբ:
Հատկանշական է, որ Ադրբեջանը «Նեթ Ինդեքս» վարկանիշային աղյուսակում զգալիորեն զիջում է Հայաստանին իր ցուցանիշներով: Թրաֆիկի ներբեռնման միջին արագությամբ Ադրբեջանը 114–րդ հորիզոնականում է (2,75 մեգաբիթ/վայրկյանում), իսկ վերբեռնման միջին արագության ցուցանիշով` 110-րդ հորիզոնականը (1,16 մեգաբիթ/վայրկյանում):
2012 թ-ի ապրիլի 14-ի դրությամբ ներբեռնման միջին արագությամբ վարկանիշային աղյուսակը գլխավորում են Հոնկոնգը՝ 37,77 մեգաբիթ/վայրկյանում, Լիտվան՝ 33,02 մեգաբիթ/վայրկյանում, Անդորրան՝ 28,35 մեգաբիթ/վայրկյանում, Հարավային Կորեան՝ 28,06 մեգաբիթ/վայրկյան և Լատվիան 26,72 մեգաբիթ/վայրկյանում ցուցանիշներով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին