Շոկային թերապիա՝ Վ.Օսկանյանի ոճով
ՀՀ-ում ընթացող ընտրական պայքարը, դատելով անցած մեկ շաբաթվա ընթացքից, խոստանում է էլ ավելի հետաքրքիր լինել՝ թե բացահայտումների, թե հայտարարությունների իմաստով: Դրա վառ օրինակն այն է, որ դեռ չէր հասցրել ընտրողն ուշքի գալ Վարդան Օսկանյանի «…երկրին ցնցումներ են պետք ու արտաքին սպառնալիքներից վախենալ պետք չէ» հայտարարությունից (հատկապես, որ անհրաժեշտ բացատրություններ այդպես էլ չհետևեցին), երբ հնչեցին նոր դրույթներ:
Մասնավորապես, պարոն Օսկանյանը հուշեց հայաստանցիներին, որ ԱԺ առաջիկա ընտրությունները նաև կառավարության ընտրություններ են, մի մարմնի, որը կոչված է ապահովելու օրենքների հավասար կիրառությունը բոլոր քաղաքացիների նկատմամբ: Եթե դատելու լինենք ԲՀԿ-ական նախարարների աշխատանքից անցած 4 տարիների ընթացքում, ապա հարց է առաջանում. արդյոք պարոն Օսկանյանն անկեղծ հավատում է, որ հասարակությունն ուզում է, որ ԲՀԿ-ական նախարարների թիվն ավելանա: Նախարարություններն այն կառույցներն են, որոնց հետ ուզած-չուզած շփվում է հասարակության մեծ մասը, և ԲՀԿ-ական նախարարների ղեկավարության տակ գտնվող ոլորտները առանձնապես աչքի չեն ընկել որակյալ աշխատանքով: Առողջապահության համակարգի ենթակառուցվածքների հետ շփումը բավական է՝ դրանում համոզվելու համար: Բայց պարոն Օսկանյանը, հավանաբար, հաշվի չի առնում կուսակցության անցած ճանապարհը, քանի որ այն ժամանակ չէր անդամակցում այդ կառույցին:
Բայց արդեն հաջորդ դրույթը, որը նա հնչեցրեց կրկին ապրիլի 14-ին Մոսկվայի տանը ընտրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, չի կարող արդարացվել կուսակցության անցյալով և դրա հետ պարոն Օսկանյանի կապ չունենալու հանգամանքով: Այդպես, տնտեսության ոլորտում հավասար պայմանների համար մտահոգված պարոն Օսկանյանը («Սահմանադրությամբ մենք մեզ հռչակել ենք ժողովրդավարական և ազատ տնտեսական համակարգ ունեցող երկիր, սակայն մենք չենք հարգում այդ հիմնարար սկզբունքները՝ ... իսկ տնտեսության դեպքում՝ հավասար պայմանները, ազատ մրցակցությունը և սեփականության անձեռնմխելիությունը») հայտարարում է, որ պետք է վարձու աշխատանք չօգտագործող անհատ ձեռնարկատերերին հարկերից ազատել, իսկ ծրագրային դրույթներից մեկը՝ հարկեր-ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) հարաբերակցության տոկոսը բարձրացնելը, իրականացնելու համար նախատեսում է բարձր եկամուտ ունեցողների նկատմամբ առավել մեծ հարկային պարտավորություներ սահմանել: Եթե սա է տնտեսական հարաբերություններում հավասար պայմանների ապահովումն ըստ պարոն Օսկանյանի, ապա հիշեցնեմ, որ տնտեսական գործունեության մեջ շատ կարևոր է ավելի մեծ գումար աշխատելու ներքին մոտիվացիան, որը մղում է տնտեսվարող սուբյեկտին ավելի որակյալ ծառայություններ մատուցել՝ ավելի մատչելի գներով: Իսկ եթե նա իմանա, որ գնալով էլ ավելի շատ է հարկվելու, բնականաբար, կանգ կառնի որոշ մակարդակում և այլևս չի զբաղվի բիզնեսի զարգացմամբ: Միջազգային փորձը, համենայն դեպս, դա է վկայում: Իսկ արդեն հաջորդ հայտարարությունն անմիջական կապ ունի հայաստանյան փորձի հետ:
Իր ելույթում պարոն Օսկանյանն անդրադարձավ նաև քաղաքական համակարգին, ասելով, որ խորհրդարանում անհրաժեշտ է վերացնել մեկ կուսակցության մենաշնորհն ու քաղաքական հակակշիռների հասնել: Դատողության առաջին մասում պարոն Օսկանյանը, երևի թե, ուզում էր ասել, որ ինքն ուզում է վերցնել մենաշնորհը կոնկրետ ինչ-որ կուսակցությունից և դա տալ ԲՀԿ-ին: Չէ՞ որ ասելով՝ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտ է ներկայացնում հասարակությանը՝ հնարավորինս մեծ պատասխանատվություն վերցնելու հաջորդ հինգ տարիներին երկրի ապագան կերտելու հարցում», նա փաստորեն ի նկատի ունի հերթական քաղաքական մենաշնորհ Ազգային ժողովում (և դա բնական է): Իսկ դատողության երկրորդ մասը, որը վերաբերում է քաղաքական հակակշիռներ ստեղծելուն, Հայաստանում պարզապես ժամանակավրեպ է, քանի որ երկրի քաղաքական համակարգի հետ քիչ թե շատ ծանոթ մարդը նկատել է, որ այստեղ գործ ունենք անձնավորված քաղաքական համակարգերի հետ, և միակ հակակշիռն այդ հարցում ոչ թե քաղաքական-գաղափարական համակարգն է, այլ կոնկրետ մարդը: Բայց խորհրդարանում նման հակակշիռների՝ իրար չհանդուրժող մարդկանց, հայ հասարակությունն ականատես է եղել անկախության ողջ շրջանում, և երևի թե դա չէ քաղաքական համակարգի առողջացման ամենալավ տարբերակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները