Փաշինյան. Եթե Հայրապետյանը վախենում է գալ բանավեճի, թող իզուր տինդիրիտներ չանի
«Մենք որոշել ենք, որ նշված բանավեճը պետք է տեղի ունենա Փաշինյան-Հայրապետյան ֆորմատով` այսօր երեկոյան ժամը 22:00-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում», -այսօր արձագանքելով Երևանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը և ընդունելով նրա բանավեճի հրավերը` հայտարարեց Երևանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ավելի վաղ իր ասուլիսում Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ պատրաստ է բանավիճել Հայ Ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված բոլոր թեկնածուների հետ, բացառությամբ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Սարգսյանի, որին իր ընկերն է համարում:
«Եթե Ռուբեն Հայրապետյանը վախենում է գալ բանավեճի, թող իզուր տինդիրիտներ չանի», -հավելեց Փաշինյանը:
Անդրադառնալով Հայրապետյանի մեկ այլ հայտարարությանը, թե Փաշինյանն ունի մեկ միլիոն դոլարանոց բնակարան, ՀԱԿ թեկնածուն նկատեց. «Բանավեճի ներկայանալիս թող իր հետ բերի նաև բնակարանի նկարը, որ հասկանանք` նրա հայտարարությունները արժեք ունե՞ն, թե ճռճռան խոսքեր են»:
Ինչ վերաբերում է նրան, որ «Արմնյուզ»-ը համաձա՞յն է հյուրընկալել բանավեճը, Փաշինյանն ասաց, որ հեռուստաընկերության ղեկավարությունը ավելի վաղ պատրաստակամություն է հայտնել ընդունել բանավեճը:
Ստորև ներկայացնում ենք Փաշինյանի հայտարարությունը` Ռուբեն Հայրապետյանի կողմից իրեն բանավեճի հրավիրելու կապակցությամբ
«1. 2012 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցած ասուլիսում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը բանավեճի է հրավիրել Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված անձանց:
2. Նույն ասուլիսում լրագրողի հարցին ի պատասխան Հայրապետյանը չի ժխտել, որ ինձ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանիս հրավիրել է հրապարակային բանավեճի:
3. Նույն ասուլիսում Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է (մեջբերում եմ բառացի). «Նույնիսկ ասեմ. թող ֆարմատն էլ իրենք որոշեն, տեղը, վայրը»:
4. «Մեծ բանավիճող» լինելով` Ռուբեն Հայրապետյանը չէր կարող չիմանալ, որ որոշել բանավեճի ֆորմատը, նշանակում է որոշել բանավեճի մասնակիցների կարգավիճակը, թիվը, բանավեճի բնույթը:
5. Մենք որոշել ենք, որ նշված բանավեճը պետք է տեղի ունենա Նիկոլ Փաշինյան-Ռուբեն Հայրապետյան ֆորմատով եւ ինչպես առաջարկել էր Հայրապետյանը պետք է վերաբերվի ներքաղաքական հարցերին:
6. Հաշվի առնելով այն, որ 09.04.2012թ. «Արմնուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում հ/ը տնօրեն Արտակ Ալեքսանյանը պատրաստակամություն է հայտնել կողմերի համաձայնության պարագայում իմ մասնակցությամբ բանավեճ կազմակերպել, հաշվի առնելով նաեւ այն, որ Ռ. Հայրապետյանը մեզ է վերապեհել բանավեճի տեղի ընտրությունը, Արտակ Ալեքսանյանին կոչ եմ արել բանավեճը կազմակերպերպել 2012թ. ապրիլի 16-ին, ժամը 22.00-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:
7. Այսօր ժամը 22.00-ին պատրաստվում եմ ներկայանալ բանավեճի, քանզի դրա կազմակերպման հետ կապված բոլոր հարցերը համարում եմ լուծված` ընդ որում, Ռուբեն Հայրապետյանի առաջ քաշած պայմաններով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները