Ս.Սաֆարյան. ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն անգամ սոցցանցերում են «Ժառանգության» դեմ միասնական հանդես գալիս
ՀԱԿ-ԲՀԿ կոալիցիա ստեղծելու վերաբերյալ հնարավոր պայմանավորվածության, քարոզարշավում կիրառվելիք «սև PR» տեխնոլոգիաների, հնարավոր զարգացումների ու թեժացումների, ինչպես նաև «Ժառանգության» բնակչության հետ հանդիպումներում մարդկանց սակավաթվության մասին Panorama.am-ի հարցազրույցը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ:
-Պարոն Սաֆարյան, Ռուբեն Հակոբյանն այսօր հայտարարել է, թե միասնական շտաբի ստեղծման գաղափարի շուրջ համախմբված ուժերը` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվել են չեզոքացնել «Ժառանգությանը»: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:
-Իմ դիտարկմամբ քարոզչություն «Ժառանգության» դեմ իրականացվում է դաշտի բոլոր ուղղություններից: Բոլոր քաղաքական ուժերը, որ այդ գործընթացը սկսում են մեր դեմ, միշտ չէ, որ նույն ժամանակահատվածում են դա անում, դա, այսպես ասած, սեզոնային բնույթ է կրում, բայց դրանք անընդհատ են. կա ժամանակ, որ ՀԱԿ-ից է, կա ժամանակ ԲՀԿ-ից և այդպես շարունակ: Ի դեպ, ես չեմ կարող ասել, թե կոնկրետ վերջին շրջանում ինչի է արդյունք է ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու նաև ՀՅԴ-ի համատեղ հարձակումները:
-Ստացվում է, որ կիսում եք Ռ.Հակոբյանի գնահատականը:
-Եվ ոչ միայն ես` ամեն Աստծո օր բացելով մամուլը ու ընթերցելիս իրենց հայտարարությունները դա տեսնում ես: Մեզ մեղադրում են, չգիտեմ, խաղերի մեջ, պետպատվեր կատարելու մեջ… Ուզում եմ ևս մեկ անգամ ասեմ, որ ում-ում, բայց գոնե «Ժառանգությանը» պետպատվեր կատարելը բնորոշ չէ` մենք ժողովրդական պատվերի շրջանակում ենք և ոչ թե պետպատվերի:
-Իսկ եթե ՀՀԿ-ն չի միացել այդ ֆորմատին ու երեք այդ ուժերի հետ չի ստորագրել համապատասխան թղթի տակ, ստացվում է, որ ՀՀԿ-ն չի՞ իրականացնում կուսակցության դեմ քարոզչություն:
-Ոչ, ՀՀԿ-ն էլ է ժամանակ առ ժամանակ իրականացնում: Բոլորը: Սակայն նշեմ, որ այս պահի դրությամբ, անցած օրերի ընթացքում ՀՀԿ-ն ակտիվ գործողություններ մեր դեմ չի իրականացրել: Բայց հիշում եք շաբաթներ ու ամիսներ առաջ նման արշավներ նաև արձանագրում էինք իրենց կողմից:
-Ի՞սկ ՀԱԿ-ԲՀԿ պայմանավորվածության մասին ինչ կասեք:
-Այդ մասին միայն իրենք կարող են խոսել, բայց այն, որ միմյանց պաշտպանում ու նույն դիրքորոշումներով են հանդես գալիս նկատելի բոլորին:
-Այդ պայմանավորվածությունն ու միասնական դիրքորոշումներով հանդես գալը կոնգրեսի ու Ծառուկյանի թմի միջև նկատելի է միայն քարոզարշավի ընթացքում, թե նախքան այդ էլ միտումներ տեսնում էիք:
-Դա անգամ սոցիալական ցանցերում է նկատելի` համակիրների ու շարքային անդամների մակարդակով, քանի որ մեկի հասցեին ասված խոսքի դեպքում մյուսներն ուղղակի օպերատիվ պաշտպանում են նրան:
-Եվ ի՞նչ եք այս ամենից ակնկալում:
-Որ «Ժառանգությունը» միանշանակ հաղթանակած է դուրս գալու այս ամենից, որովհետև ամեն ինչ շատ պարզ ու հստակ է դարձել: Իրավիճակը չափազանց հստակ է և ակնհայտ է, թե ով ում դեմ է խաղում:
-Պարոն Սաֆարյան, սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է «Ժառանգության» անդամների բնակիչների հետ հանդիպումներում ժողովրդի սակավաթվության հարցը: Ինչո՞վ եք սա պայմանավորում` Ձեզ չե՞ն հավատում:
-Ասողները հենց այդ դաշտից են: Կոնկրետ երեք օրինակ բերեմ. մենք չափազանց լավ հանդիպումներ ենք ունեցել Արմավիրում, Էջմիածնում, Մեծամորում ու Դալարիկ գյուղում: Հստակ ասեմ մեկ բան` «Ժառանգությունը» ոչ ինքն իրեն է ուզում խաբել, ոչ էլ մյուսներին, որպեսզի այլ վայրերից, մի մարզից մյուսը ավտոբուսներով տանի ժողովրդին ու թամաշա ժողովներ կազմակերպի ինչ-ինչ բաներ ցույց տալու համար: Մենք երեկ ականատեսն ենք եղել քաղաքական մի քանի ուժերի նմանօրինակ վարքագծին: Բացի այս, մեզ այդ մասին նաև ժողովուրդն է պատմում` նշելով, որ քաղաքական ուժերն իրենց ժողովրդին ավտոբուսով բերում-տանում են` մարդաշատության պատրանք ստեղծելու նպատակով: Իսկ մենք գնում ենք հանդիպումների ու հանդիպում այնքան մարդու հետ, որքան եկել է, իսկ նրանք, մարզերում ու մանավանդ վախի մթնոլորտի պարագայում քիչ չեն: