Vatan. Հակաթուրքական տրամադրություններ` Հոլանդիայում
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը թուրք-հոլանդական կապերի հաստատման 400-ամյակի առթիվ ապրիլի 17-ին նախատեսել է մեկնել Նիդեռլանդներ: Այցից առաջ հարցազրույց է տվել հոլանդական հեղինակավոր «De Telegraaf»-պարբեականին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» (Vatan) օրաթերթը:
Աղբյուրի համաձայն` Գյուլը մատնանշել է բազմակարծության սկզբունքի վրա հիմնված Եվրոպայում իսլամաֆոբիայի վտանգը և համերաշխության կոչ արել: Հոլանդիայում գործող «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գիրթ Վիլդերսին Գյուլն անվանել է իսլամաֆոբիա հրահրող, ծայրահեղականներին սնող անձնավորություն:
Մամուլի այս հրապարակմանը կտրուկ է արձագանքել հոլանդացի կուսակցապետը: Նա «Twitter» սոցիալական ցանցում Գյուլի` Հոլանդիա կատարելիք այցի դեմ արշավ է սկսել` կատարելով հետևյալ գրառումը. «Քրիստոնյաներին հալածող, քրդերի վրա հարձակվող, «Hamas»-ի հետ բարեկամացող իսլամիստ Գյուլը հանդուրժողականությունից է բողոքում: Այ քեզ թուրքական հումար»: Վիլդերսը «Գյուլ, մնա տանը» խորագրով քննարկում է բացել համացանցում: Սա լայն արձագանք է ստացել հոլանդացի օգտատերերի կողմից, որոնք դեմ են արտահայտվել Գյուլի այցին:
Նշվում է, որ այցի ընթացքում Գյուլը հանդիպելու է Հոլանդիայի թագուհու և վարչապետի հետ, քննարկումների օրակարգում լինելու են երկկողմ հարաբերությունները, մասնավորապես առևտրատնտեսական կապերի զարգացումը: