«Ընտրատարածքային քարտեզը գծագրվել է անհասկանալի սկզբունքներով». Վեզիրյանը դժգոհել է
Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Գոհար Վեզիրյանը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդ Դանիելա Մալիյանսկա Միտեվսկայի ու նրա իտալացի գործընկերոջ, ինչպես նաև առաքելության Գենդերային և Ընտրությունների վերլուծաբաններ Հաննա Ռոբերտսի և Ալեքսեյ Գռոմովի հետ: Թեկնածուի նախընտրական շտաբի հաղորդմամբ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդների հետ Գոհար Վեզիրյանը վերջիններիս նախաձեռնությամբ հանդիպում է արդեն երկրորդ անգամ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախընտրական գործընթացին առնչվող հարցեր: Գ. Վեզիրյանը դիտորդների խնդրանքով ներկայացրել է իր քարոզարշավի ծրագիրը և խոսել ընտրարշավի ընթացքում արձանագրված ընտրախախտումների մասին:
Դիտորդական առաքելության ներկայացուցիչները նշել են, որ Գոհար Վեզիրյանը ընտրություններին մասնակցող միակ թեկնածուն է, որը որպես խնդիր մատնանշել է ընտրատարածքների քարտեզագրումն ու դրանով պայմանավորված ընտրատեղամասերի տեղակայումը։ Նրանք թեկնածուին խնդրել են ավելի հանգամանալից ներկայացնել խնդրի էությունը։
Գոհար Վեզիրյանը դիտորդական առաքելության ներկայացուցիչներին հայտնել է, որ ընտրատարածքային քարտեզը գծագրվել է անհասկանալի սկզբունքներով ու չափորոշիչներով։ Որպես օրինակ թեկնածուն քարտեզի վրա ցույց է տվել, որ հարևան շենքերից մեկը գտնվում է թիվ 12, իսկ մյուսը՝ թիվ 11 ընտրատարածքում։ Կամ մեկ փողոցի վրա գտնվող տներից մեկը՝ թիվ 11 ընտրատարածքում է, մյուսը՝ թիվ 12-ում։
Ըստ աղբյուրի, դիտորդները հետաքրքրվել են, թե արդյո՞ք ԿԸՀ–ի կողմից ընտրատարածքների քարտեզների հրապարակումից առաջ դրանց կազմման սկզբունքները հրապարակային քննարկման են դրվել։ Գոհար Վեզիրյանը հայտնել է, որ նման հրապարակային քննարկումներ տեղի չեն ունեցել։
Թեկնածուն դիտորդներին հայտնել է, որ նոր քարտեզագրումից հետո նաև ընտրատեղամասերի նոր համարակալման հետ կապված խնդիր կա։ Ընտրատեղամասերի համարակալումների փոփոխությունը ոչ միայն խառնաշփոթ է առաջացրել քաղաքացիների շրջանում, որոնք, սովոր լինելով իրենց քվեարկության նախկին տեղերին, այժմ չեն կողմնորոշվում, թե որ տեղամասում են քվեարկելու, այլ ընտրատեղամասերը նաև քաղաքացիների բնակավայրերից արհեստականորեն ավելի հեռու են դարձել։
Գոհար Վեզիրյանը դիտորդներին է ներկայացրել նաև ընտրացուցակում առկա անճշտությունները և ամբողջական հասցե չունեցող քաղաքացիների ցուցակը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա