Երկու ծրագիր, ֆինանսական երկու աջակցություն ԱՄՆ-ից
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերն ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակն այսօր ստորագրեցին երկու հուշագիր, համաձայն որոնց ամերիկյան կազմակերպությունը նախարարությանը ֆինանսական աջակցություն կտրամադրի «Կենսաթոշակային իրազեկումն ու ֆինանսական կրթությունը Հայաստանում» և «Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը Հայաստանում» ծրագրերի մի շարք բաղադրիչների իրականացման համար:
Նախքան ստորագրման արարողությունը նախարար Գրիգորյանը տեղեկացրեց, որ ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց մատուցվող ծառայությունները բարելավելու նպատակով կտրամադրվի 60 հազար ԱՄՆ դոլար, իսկ կենսաթոշակային բարեփոխումների իրազեկմանն ուղղված ծրագրի շրջանակում ԱՄՆ-ն կտրամադրի 200 հազար դոլար:
Ինչ են նախատեսում տվյալ ծրագրերը: ԱՄՆ դեսպանն իր խոսքում նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումներին միտված ֆինանսական աջակցությունը կարևոր է նրանով, որ քաղաքացիներն այդպիսով քաջատեղյակ կլինեն, թե դրանք իրենցից ինչ են ներկայացնում ու պատրաստ կլինեն այդ բարեփոխումների ներդրմանը 2014թ-ին.
«Իրազեկման աշխատանքները, որ իրականացվելու են այս ծրագրի ֆինանսավորման ներքո, չափազանց կարևոր են»,- հայտարարեց նա:
«Երկրորդ ծրագիրը` աջակցություն ընտանեկան բռնության զոհերին, կարևոր է նրանով,- նշեց դեսպանը,-որ այն հիմնաքար կլինի ՀՀ կառավարության ու իրավապահ կառույցների համար հասկանալու, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս մտահոգիչ խնդրի լուծման ուղղությամբ»:
Ծրագրի շրջանակում կքարտեզագրվեն առկա ծառայությունները ու կմշակվեն իրավական նորմեր ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց համակարգված աջակցություն ցուցաբերելու համար:
Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մանրամասնեց, որ երկու գործընթացներն էլ կառավարությունը շատ է կարևորում: Ֆինանսական նման տարբերությունը նախարարը բացատրեց այն հանգամանքով, որ ընտանեկան բռնության դեպքում գործ ունենք ընդամենը կարիքների գնահատման հետ: Իսկ կենսաթոշակային բարեփոխումների մասին ծրագրի շրջանակում իրազեկումն իրականացվելու է թե հանրապետության բոլոր դպրոցներում, թե գործատուների շրջանում, թե նաև գյուղական համայնքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում