Արմեն Պուրտոյանը կաշխատի Մհեր Սեդրակյանի համար: Նրանց հարաբերությունները լարվա՞ծ են
13-րդ ընտրատարածքի պատգամավոր ՀՀԿ-ական Արմեն Պուրտոյանը, չունենալո՞վ լավ հարաբերություններ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հետ, այս օրերին կաշխատի նրա համար:
«Ես կուսակցության համար եմ աշխատում: Ով կուսակցությունից առաջադրվում է, բնական է, որ պիտի օգնենք: Ես չգիտեմ, թե ով ոնց դա կմեկնաբանի, բայց մեր միջև խնդիրներ չկան, մենք միշտ հարաբերություններ ունեցել ենք»,- Panorama.am-ի հետ զրույցում 13-րդ ընտրատարածքում առաջադրված Թոխմախի Մհերին աջակցելու վերաբերյալ ասաց Արմեն Պուրտոյանը:
Իսկ եղե՞լ են հանդիպումներ Սեդրակյանի հետ հարցին` Արմեն Պուրտոյանը պատասխանեց այսպես.
«Դե հիմա պիտի պարտադիր հանդիպե՞նք…: Եթե կուսակցությունն առաջադրել ա, ուրեմն մենք պարտավոր ենք սատարել նրա թեկնածությունը: Կարծում եմ, դուք ավելի լավ գիտեք` մենք հարաբերություններ առհասարակ ունենք, թե չէ»:
Panorama.am-ի հետ զրույցում օրեսդրական գործունեությունից սեփական կամքով հրաժարված Արմեն Պուրտոյանն ասաց, որ մանդատազուրկ շրջանում անգամ կշարունակի զբաղվել քաղաքականությամբ. «ԱԺ-ից դուրս կաշխատեմ կուսակցության հետ: Ես խորհրդի անդամ եմ ու դա չի նշանակում, որ պետք է պատգամավոր լինես ու նոր միայն զբաղվես քաղաքականությամբ»:
Իսկ այն հանգամանքին, որ մանդատ չի ունենա՝ հետագայում սեփական բիզնեսն ապահովագրելու համար, ասաց, թե դա լուրջ չի համարում.
«Ես չէի ասի թե բիզնեսը այսօր միայն մանդատն է ապահովագրում: Մանդատը երբեք չի առիթավորել ո´չ ինձ և ո´չ էլ իմ բիզնեսին: Ապահովագրված լինելու համար չեմ կարծում, որ պարտադիր պետք է մանդատ լինի: Այսպես թե այնպես` ես պասիվ եմ բիզնեսում, որովհետև սեփականտերը ես եմ, բայց դրանով ուրիշ մարդիկ են զբաղվում, իսկ նոր ծրագրերի, բիզնեսի համար կարծում եմ ժամանակ կլինի զբաղվել»:
ԱԺ նիստերին ոչ այնքան պասիվ մասնակցություն ունեցած հանրապետական պատգամավորը իր ընտրատարածքի բնակիչներին խոստանում է աջակցել նաև այսուհետ:
Զրույցի վերջում Արմեն Պուրտոյանը հերքեց մեր ունեցած տեղեկությոններն այն մասին, որ Մհեր Սեդրակյանի՝ թիվ 13 ընտրատարածքում առաջադրվելու վերաբերյալ կուսակցության որոշումից հետո, իրեն Պուրտոյանին՝ որպես այլընտրանք կուսակցության կողմից առաջարկվել է թեկնածությունն առաջադրել Երևանի թիվ 10 ընտրատարածքում՝ Սուքիասյանի դեմ, սակայն պատգամավորը հրաժարվել է:
Հիշեցնենք, Արմեն Պուրտոյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2007-ին` թիվ 13 ընտրատարածքում: ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու էր: Այսօր էլ` կուսակցության տրամաբանաությունից ելնելով` աշխատում է Մհեր Սեդրակյանի համար: