Արթուր Աբրահամ. «Հաջորդ մրցակիցս, կարծում եմ, կլինի Շտիգլիցը»
Կարճ ժամանակով Հայաստանում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ով այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հանդիպեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Ասուլիսի հենց սկզբում հայ մարզիկը նշեց, որ իր այցն ամենևին կապ չունի առաջիկա խորհրդարանական ընտրությունների և, ընդհանրապես, ներքաղաքական կյանքի հետ: Արթուրն այստեղ է հանգստանալու և իր ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնելու համար:
«Ուրախ եմ, որ կարողանում եմ յուրաքանչյուր մենամարտից հետո այցելել Հայաստան: Անչափ կարոտում եմ իմ հայրենիքը, և իմ այցն ամենևին կապ չունի քաղաքականության հետ»,- նշեց Արթուր Աբրահամը:
Լրագրողներին հետաքրքրում էր Աբրահամի կարծիքը վերջին 2 հաղթանակ մասին:
«Ֆարիասի հետ մենամարտը համեմատաբար հեշտ անցավ: Լեհ մարզիկի հետ շատ ավելի դժվար էր, լավ չարչարվեցի, բայց կարևորն այն է, որ հաղթեցի: Հաջորդ մենամարտս կկայանա օգոստոսի 25-ին, Բեռլինում կամ Համբուրգում: Կմենամարտեմ Շտիգլից-Գրոուվս զույգի հաղթողի հետ: Ինչ վերաբերում է նրանց մրցավեճին, կարծում եմ` հաղթող կճանաչվի Շտիգլիցը: Նա նույնպես ներկայացնում է Գերմանիան: Այդ հանդիպումը շատ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի Գերմանիայում, քան անգլիացի ինչ-որ մարզիկի հետ մենամարտը»,-ասաց Աբրահամը: