«Պարոն Հայրապետյա՛ն, ինչո՞ւ չեք գալիս բանավեճի, մի՞թե իրոք վախենում եք». Առուստամյանի հարցերը իր մրցակցին
«Ինձանից ներողություն խնդրելու մասին իմ կարծիքը ես նրան կփոխանցեմ միայն դեմ առ դեմ լինելու ժամանակ, բանավեճի ընթացքում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով նախօրեին թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը` փոխանցեց թիվ 1-ում Հայ Ազգային կոնգրեսի թեկնածու Գայանե Առուստամյանը:
Հիշեցնենք` վերջին ասուլիսում Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ չի ուզում բանավիճել թիվ 1 ընտրատարածքում իր մրցակից Գայանե Առուստամյանի հետ, որովհետև նա կին է: «Ոճից հասկանում եմ, որ նմանվում ա Նիկոլին, էդ ղժղժալ բան, իրոք վախենալու ա, կին ա՝ հանկարծ վեր կացավ, ճանկռեց»,- ասել էր նա։ Գայանե Առուստամյանն էլ պահանջեց իրենից ներողություն խնդրել վիրավորելու համար: Արձագանքելով Առուստամյանի պահանջին, նախօրեին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայրապետյանը ներողություն է խնդրել Գայանե Առուստամյանից:
«Ազնվորեն եմ ասում` ես ցանկություն չեմ ունեցել Գայանեին վիրավորել, ես ընդհանրապես կանանց չեմ վիրավորում, բայց եթե Գայանեն գտնում է, որ ես իրեն վիրավորել եմ, ես ուղղակի կատակ եմ արել: Ես պատրաստ եմ և ներողություն եմ խնդրում: Դա նորմալ է, և ես գտնում եմ, որ ավելի լավ է՝ իրար չվիրավորենք, եթե ինչ-որ մի բան այնպես չի ստացվել, կոնկրետ ես պատրաստ եմ ընդունել, եթե սխալ արտահայտություններ կանեմ, կվիրավորեմ՝ պատրաստ եմ ներողություն խնդրել»,-հարցազրույցում հավելել էր Հայրապետյանը:
Գայանե Առուստամյանի համար տարօրինակ է, որ Հանրապետական թեկնածուն չի հասկացել, որ այդպիսով վիրավորում է կնոջը: «Ես դա չեմ հասկանում: Սա նշանակում է, որ Ռուբեն Հայրապետյանը հաշիվ չի տալիս իր արտահայտություններին», -փոխանցեց կին թեկնածուն:
Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանին բանավեճի հրավիրելու մասին իր նախկինում արված հայտարարություններին, Առուստամյանն ասաց, որ հրավերն ուժի մեջ է և նույնիսկ հարցեր ունի նրան. «Պարոն Հայրապետյան, ինչո՞ւ չեք գալիս բանավիճելու, մի՞թե իրոք վախենում եք»:
Նրա խոսքով, բանավեճը թեկնածուների նախընտրական ծրագրերը ներկայացնելու քաղաքակիրթ ճանապարհն է, որի միջոցով հնարակոր կլինի կողմնորոշել ընտրողներին:
«Հայրապետյանի հետ բանավիճելը իմ կյանքի նպատակը չէ: Եթե նա լիներ մասնավոր անձ, ես երբեք նրան բանավեճի չէի հրավիրի, որովհետև դրա անհրաժեշտությունը չէր լինի: Բայց քանի որ մենք, նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուներ ենք, մենք պարտավոր ենք խոսել նույն հարցի շուրջ, ներկայացնել մեր տեսակետները, որպեսզի մեր ընտրողները կողմնորոշվեն, որպեսզի ընտրությունը այս անգամ, ինչպես խոստացել էր նրա կուսակցության առաջնորդը, կայանա ժողովրդավարության պայմաններում և կայանա այնպես ինչպես խոստանում է իշխող Հանրապետականը», -հավելեց ՀԱԿ թեկնածուն:
Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուն Ժառանգություն կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն է:
Գայանե Առուստամյանը պահանջում է, որ Հայրապետյանը հրապարակավ ներողություն խնդրի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա