Հենրիխ Մխիթարյան. «Չեմ ուզում, որ Դարիոն մրցակցի ինձ հետ»
Ուկրաինայի առաջնության հերթական տուրում «Զարյայի» հետ խաղում իրեն գերազանց դրսևորեց «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Դոնեցկյան թիմը հաղթեց 5:1 հաշվով, իսկ Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստը երկու գոլի հեղինակ դարձավ, նաև 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեց իր թիմի համար: Գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն նրան անվանել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, իսկ Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո պատասխանել է ակումբի մամուլի ծառայության թղթակցի հարցերին:
- Հենրիխ, շնորհավորում եմ հաղթանակի և լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ:
- Օ, արդե՞ն:
- Դե այո, այդպես է որոշել Միստերը:
- Ապրիլի՞, թե՞ միայն այս խաղի համար (ծիծաղում է):
- Դե, շատ հնարավոր է, որ նաև ամսվա ֆուտբոլիստ դառնաս:
- Ինձ այստեղ հուշում են, թե ի՞նչ տարբերություն (ծիծաղում է):
- Ապրիլի ամենագեղեցիկ գոլի հեղինակ նույնպես կարող ես լինել: Պատրաստվո՞ւմ ես տոնել հաղթանակդ, թե՞ Դարիոն կարող է լավ մրցակցություն ապահովել:
- Չեմ ուզում, որ նա ինձ հետ մրցակցի (ծիծաղում է): Կատակում եմ, իհարկե: Ինձ համար կարևոր է, որ թիմը հաղթի, իսկ իմ գործողություններն օգուտ բերեն թիմին:
- Գուցե ավելի լա՞վ կլիներ, որ «Զարյան» գոլ չխփեր, որը միայն զայրացրեց մեր թիմին:
- Զայրացնելն այն խոսքը չէ: Նման գոլեր չի կարելի բաց թողնել: Միստերը մեզ հետ կխոսի այդ թեմայով: Այսօր մեզ ոչ թույլ մրցակից էր դիմակայում, բայց մենք այսպիսի հանդիպումներում գոլ բաց թողնելու իրավունք չունենք: Յուրաքանչյուր խաղում պետք է աճենք, որպեսզի միշտ լավ ֆուտբոլ ցուցադրենք:
- Բոլորն էլ ասում են, որ «Զարյան» թույլ մրցակից չէ: Այդ դեպքում ո՞րն է նման արդյունքի պատճառը:
- Այդ թիմն առաջնության գարնանային հատվածում շատ լավ մեկնարկեց, հաղթեց «Կարպատներին», «Չեռնոմորեցին»: Այնպես է ստացվել, որ վերջին խաղերում «Զարյան» պարտվել է, բայց ես այդ թիմին միայն հաջողություններ եմ մաղթում ապագայում: