Կարապետյանը sms է ստացել Ֆարմանյանից. Կպատասխանի ավելի ուշ
Երևանի թիվ 2 ընտրատարածքում Հայ Ազգային կոնգրեսի պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը նույն ընտրատարածքում իր միակ մրցակից Հանրապետական կուսակցության թեկնածու Սամվել Ֆարմանյանից միասին ֆուտբոլ դիտելու մասին sms է ստացել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Վլադիմիր Կարապետյանը և փոխանցեց, թե դեռ հստակ պատասխան չի տվել:
«Շատ զբաղված եմ և ժամանակ չունեմ այդ թեմային անդրադառնալ, բայց շուտով կանդրադառնամ», -հավելեց Կարապետյանը:
Նա ասաց նաև, որ սա արդեն 2-րդ դեպքն է, որ Ֆարմանյանը sms է ուղարկում, որից հետո «facebook»-ի իր էջում այդ մասին բարձրաձայնում:
Նա ֆուտբոլ դիտելու մասին առաջարկը Կարապետյանին անելիս իր էջում գրել էր. «Երկու 90 րոպե, որ հաճույք կպատճառեն բոլորիս և կստիպեն կտրվել նախընտրական թոհուբոհից ու լարվածությունից: Վաղը և հաջորդ օրը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներն են՝ Բավարիա-Ռեալ և Չելսի- Բարսելոնա: Իմ անձնական համակրանքը երկու պարագաներում էլ իսպանական գրանդակումբների կողմն է:
Ես հրավիրել եմ մեր՝ Նոր Նորքի N2 ընտրատարածքում առաջադրված իմ մրցակից թեկնածու Վլադիմիր Կարապետյանին՝ մասին դիտելու այդ ֆուտբոլային հանդիպումները:
Սպորտը, առավել ևս ֆուտբոլը, բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում միավորել է մարդկանց, անգամ ամենաոխերիմ հակառակորդներին: Շատ ուրախ կլինեմ, եթե պարոն Կարապետյանը համաձայնություն տա իմ նախաձեռնությանը և լինի' մեր ընտրատարածքում, լինի' Կենտրոնի որևէ սպորտբարում միասին դիտենք հանդիպումները: Կարծում եմ այն կլինի մի փոքրիկ, բայցև կարևոր ազդակ և մեր աջակիցներին և մեր բնակիչներին, որ մենք ընդամենը քաղաքական մրցակիցներ ենք, իսկ կյանքը շատ ավելի լայն է, ու այն ոչ սկսվում և ոչ էլ ավարտվում է ընտրություններով: Մենք, որպես նոր սերնդի գործիչներ, կարող ենք, ու իմ կարծիքով պարտավոր ենք դա անել, ինչքան էլ նախատողներ լինեն: Դա, իմ կարծիքով, շատ ավելին կարժենա, քան իմ կամ իմ մրցակցի հնարավոր հաղթանակը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են