«Եթե Ալիև կրտսերը շատ է ուզում Ստեփանակերտում տեսնել ադրբեջանական դրոշ, ապա դրան հասնելու համար կա միայն մեկ ճանապարհ»
«Ադրբեջանը պետք է դադարեցնի սպառազինությունների մրցավազքը և ռազմական հռետորաբանութունը: Երկրորդ` իր հասարակությանը պատրաստի ոչ թե պատերազմի, այլ խաղաղության»,-մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Panorama.am-ին փոխանցեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ Ի. Ալիևը մասնավորապես ասել է. «Կգա օրը, երբ ադրբեջանական դրոշը կծածանվի Ստեփանակերտում և Շուշիում»:
«Եթե Ալիև կրտսերը շատ է ուզում Ստեփանակերտում տեսնել ադրբեջանական դրոշ, ապա դրան հասնելու համար կա միայն մեկ ճանապարհ` դիվանագիտական հարաբերությունների հաստատում Արցախի անկախ հանրապետութան հետ, որի արդյունքում Բաքվի ԼՂՀ դեսպանատան շենքում կծածանվի Արցախի անկախ հանրապետության դրոշը, իսկ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հարևան Ադրբեջանի դեսպանատան շենքին կարող են տեղադրել իրենց դրոշը: Կարծում եմ` ուշ թե շուտ Արցախից արևելք ընկած երկրում կգիտակցեն, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,-ասաց Է. Շարմազանովը: