Պահանջվում է պատժել թուրք նախարարին ցեղասպանությունը հերքելու համար
Հայ-շվեյցարական միջխորհրդարանական խումբը բողոքարկել է Ցյուրիխի դատախազության` Թուրքիայի ԵՄ նախարար Էգեմեն Բաղըշի դեմ սկսված հետաքննությունը կարճելու և քրգործ չհարուցելու մասին որոշումը:
Թուրքական «Timeturk» լրատվական կայքը նշում է, որ խմբի քարտուղար Սարգիս Շահինյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թուրք նախարարը Հայոց ցեղասպանության փաստը հերքել է համերգի ավարտին ու այդ դեպքում խոսք չի կարող լինել նրա դիվանագիտական անձեռմխելիության մասին:
Հիշեցնենք, որ Էգեմեն Բաղըշը Դավոսի տնտեսական համաժողովից վերադառնալիս Ցյուրիխում ներկա էր գտնվել մի համերգի, որից հետո հանդիպում էր ունեցել լրագրողների հետ: Այդ ժամանակ էլ ասել էր. «Հայոց ցեղասպանություն չի եղել, դե թող գան ու ինձ ձերբակալեն»:
Քանի որ Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդվում է, Ցյուրիխի դատախազությունը թուրք նախարարի դեմ նախնական հետաքննություն սկսեց: Որոշ ժամանակ անց նույն այդ դատախազությունը, վկայակոչելով Բաղըշի` դիվանագիտական անձեռմխելիությամբ օժտված լինելու հանգամանքը, քրեական գործը հանեց վարույթից: