Ա.Աշոտյան. Ինձ համար ընտրություններն անցողիկ են
«Հայ մտավորականի համար անթույլատրելի է ամենախոր անհամաձայնություններն արտահայտել անհարիր ձևով: Ես խորը ցավ ապրեցի այս պատմության համար ոչ թե աղմուկի պատճառով, այլ այն գործելոճով, բառապաշարով, որը որդեգրեց նախկին ռեկտորը: Կարծում եմ՝ դա ոչ միայն ինձ հիասթափեցրեց, այլև շատ-շատերին»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառանլով հարցին, թե հնարավոր չէր արդյոք միայն խիստ նկատողություն հայտարարելով սահմանափակվել և Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտրին պաշտոնից չհեռացնել:
«Կարելի էր չհամաձայնել, կարելի էր մեղադրել, քննադատել, բողոքել իմ վերադասներին՝ ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, բայց ճիշտ հակառակն արվեց՝ էմոցոնիալ երանգներ տրվեցին և դրանք վերածվեցին անթույլատրելի արտահայտությունների: Ինձ համար նստվածք է այն առումով, որ 3 տարի տվյալ անձնավորության հետ աշխատել եմ և վատ չեմ աշխատել: Նախարարությունը միշտ հետամուտ է եղել ԵՊԼՀ-ի կողմից բարձրացվող խնդիրներին»,- ընդգծեց Ա.Աշոտյանը:
Հարցին, թե ապրիլի 16-ին Սուրեն Զոլյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է նաև ԿԳ նախարարը և սպասումներ կար, որ նախարարն ու ռեկտորը հաշտեցման եզրեր կգտնեին, ապա դրան ինչը խանգարեց, Ա.Աշոտյանն ասաց, որ ռեկտորին շնորհավորել է որպես այդ պահին ԿԳ նախարարության աշխատակցի, որպես ոլորտի ներկայացուցչի. «Ես շնորհավորում են բոլոր ռեկտորներին իրենց ծննդյան օրվա կապակցությամբ և բարեկրթությունը միշտ վեր եմ դասում մարդկային հարաբերությունների մեջ ցանկացած տիպի նստվածքներից»:
ԿԳ նախարարը նշեց նաև, որ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նրանց վստահեցրել է, որ այս բոլոր գործընթացների արդյունքում ոչ մի ուսանող չի տուժել և չի տուժելու: Ըստ Աշոտյանի՝ պետության մեղքն է, որ համալսարանում առկա խնդիրներն ուշ են տեսել:
ԿԳ նախարարը նաև տեղեկացրեց, որ ԿԳ-ն չի սահմանափակվելու միայն ԵՊԼՀ-ով, վերահսկողոթյուն իրականացնելու են նաև մնացած ԲՈՒՀ-ում: «Ես գիտեմ, որ այլ բուհերում էլ խնդիրներ կան և դրանք իրավական ճանապարհով վեր հանելու, լուծելու ուղին ենք բռնել»,- ասաց Ա.Աշոտյանը:
Նախարարը նշեց նաև, որ մի կողմից ասում են՝ բուհերում ապօրինություններ կան, մյուս կողմից էլ՝ ինչու են հիմա վերահսկողություն իրականացնում բուհերում: «Ինձ համար ընտրություններն անցողիկ են և չեմ կարծում, որ քաղաքականությունը պետք է թելադրի կրթության ոլորտում քայլերի հաջորդականությունը»,- ընդգծեց Ա.Աշոտյանը:
Նախորդիվ` Ս. Զոլյան. Նախարարը շտապում է ազատել մինչև ընտրությունները, երևի վստահ չէ, որ ընտրություններից հետո նույն պաշտոնում կլինի
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են