Աշոտյան. «Սուրեն Զոլյանի` աշխատանքից հեռացման հարցում միայն իրավական հիմք կա, իսկ այլ տեսակի շահարկումներն անթույլատրելի են»
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի` աշխատանքից հեռացման հարցում միայն իրավական հիմք կա, իսկ այլ տեսակի շահարկումներն անթույլատրելի են: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ բուհի ռեսուրսի օգտագործումը` համապատասխան ակցիաների կազմակերպման համար, ինչի ահազանգերը կան, անթույլատրելի է: «Որոշակի քաղաքականացման տենդենց է նկատվում, սակայն մենք փորձում ենք այդ ամենից զերծ մնալ»,- ասաց նախարարը:
Նրա խոսքերով՝ կարևորն այն է, որ բուհը շարունակի աշխատել բնականոն հունով, իսկ ուսանողներին նա հորդորեց ավելի լավ սովորել, քանի որ մոտենում են ստուգարքների, քննությունների պատասխանատու փուլերը: «Որևէ մեկի անձնական կարծիքին բռնանալու ցանկություն չունենք, ընդամենը ուզում ենք ասել, որ ամեն ինչ գիտենք: Իսկ իրավական դաշտից դուրս մնացած դրսևորումները, կարծում ենք՝ մտավորականի համար հարիր չեն: Իսկ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ներկայանալ նաև դատարանում և ներկայացնել մեր բոլոր հիմնավորումներն ու փաստարկները»,- ասաց նախարարը և ավելացրեց, որ մնացած ջանքերը, մասնավորապես, որոշումը այլ եղանակով բեկանելու եղանակները՝ հակաիրավական են, իսկ դասախոսներին և ուսանողներին որպես վահան օգտագործելը՝ անազնիվ:
Այդուհանդերձ Ա.Աշոտյանին ուրախացրել է այն հանգամանքը, որ կան ուսանողներ և դասախոսներ, ովքեր անկեղծ պաշտպանում են նախկին ռեկտորին: «Դա բնական եմ համարում, քանի որ նրա երկարամյա աշխատանքային գործունեության արդյունքում պետք է լինեն մարդիկ, ովքեր շաղկապված են այդ մարդու հետ: Դա նաև նշանակում է, որ մեր բուհում ուսանողները, դասախոսները ազատամիտ են և բարոյական են այնքանով, որ իրենց նախկին ղեկավարին պատրաստ են պաշտպանելու: Բայց այդ պաշտպանության ջանքեը չպետք է խանգարեն կրթական գործընթացին, չպետք է կրեն քաղաքական բնույթ»,- ասաց ԿԳ նախարարը:
Իսկ ինչ վերաբերում է ռեկտորի կողմից նախարարին ուղղված վիրավորական խոսքերին համարժեք պատասխանելուն, ապա Աշոտյանը նշեց, որ իրեն վեր է դասում նմանատիպ արձագանքներ տալու գայթակղությունից: «Ինձ համար կարևորը իրավական դաշտում խնդրի կարգավորումն է»,-շեշտեց նա:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ռեկտորի հեռացումը քաղաքական ենթատեքստ չունի, քանի որ նախընտրական շրջանում այն մի շարք շահարկումների թեմա է դառնում, Ա.Աշոտյանը նշեց, որ փորձում են շահարկել, բայց դրանք հաջողություն չեն ունենում: «Բացարձակ քաղաքական տրամաբանություն չկա: Ի’նչ քաղաքականության մասին է խոսքը, արդյո’ք ընտրությունների պատճառով պետք է սառեցվեն երկրում բոլոր տեսակի գործողությունները, արդյո’ք ընտրությունները կտրում են բոլոր օրենքները: Ւհարկե ոչ: Եւ այս ժամանակահատվածն ապացուցում է, որ շարժառիթներ նման զարգացումների մեջ չկան, եթե լինեին քաղաքական էլեմենտներ, ապա կփորձեի գործընթացը տեղափոխել ընտրություններից հետո»,- ասաց ԿԳ նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան