Եվրախորհրդարանը ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանաձև է ընդունել. ՀՀԿ արձագանքը
«Եվրախորհրդարանը ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանաձև է ընդունել: Առաջին անգամ է, որ Եվրախորհրդարանի կողմից նման բանաձև է ընդունվում: Ծանոթանալով բանաձևին հստակ կարելի է ասել, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը երբեք նման մակարդակում չի եղել, այն ամրագրում է որակական նոր հարաբերություններ»,- այս մասին Panorama.am-ին փոխանցեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս ասաց, որ այդ բանաձևում հատկապես 3 դրույթ կառանձնացներ. առաջինը վերաբերվում է Հայաստանի ժողովրդավարացմանն ու ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և հստակ նշվում է, որ ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները դինամիկ տեմպերով են զարգանում և ըստ այդմ՝ բանաձևով «ճանաչվում է Հայաստանի եվրոպական ձգտումները»:
Պատգամավորն ընդգծեց, որ նման գնահատական բացակայում է այս բանաձևին զուգահեռ ընդունված ԵՄ-Ադրբեջան բանաձևում:
«Բանաձևում բարձր է գնահատվում Արևելյան համագործակցության ներքո Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգը և կոչ է արվում տրամադրել լայնածավալ աջակցություն՝ համաձայն «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքին:
Այսինքն՝ որքան ՀՀ-ում ժողովրդավրությունը զարգացում ապրի, այնքան ավելի մեծ աջակցություն կլինի ԵՄ-ի կողմից: Այդ տեսանկյունից, կարևորվում է նաև Հայաստանի ակտիվ մասնակցությունը բազմակողմ խորհրդարանական համագործակցության՝ Եվրանեսթի շրջանակներում»,- ասաց Է. Շարմազանովը:
Ըստ բանախոսի՝ երկրորդ կարևոր դրույթն այն է, որ ֆիքսվում է՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
«Ավելին՝ շեշտվում է, որ ուժի կիրառման սպառնալիքը վտանգում է միջազգային հանրության համատեղ ջանքերը: Ասվում է այն, ինչի մասին փաստացի մշտապես հայտարարում են հայկական կողմերը: Ըստ այդ բանաձևի՝ ֆիքսվում և ամրապնդվում է ԼՂ ժողովրդի իրավունքը՝ որոշելու ԼՂ վերջնական կարգավիճակը, իսկ դրա ճանաչումը կարելի է դիտել որպես նախապայման՝ Ադրբեջան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների ենթատեքստում:
Եվ ըստ այդմ՝ կոչ է արվում՝ վստահություն ամրապնդող միջոցառումներ իրականացնել շփման գծում, ներառյալ դիպուկահարների դուրս բերումը: Սրանք այն կետերն էին, ինչի նախաձեռնույամբ մի քանի անգամ հանդես է եկել հայկական կողմը»,- վստահեցրեց նա:
ԱԺ փոխնախագահի խոսքերով, բանաձևում ֆիքսվում է ԵՄ-ի դերի ուժեղացումը ԼՂ հակամարտության լուծման հարցում, ինչը ենթադրում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին ուղղված աջակցության ցուցաբերում, հակամարտության արդյունքում տուժած տարածքներին մարդասիրական օգնության ցուցաբերում:
«Երրորդ կարևորագույն դրույթը, որը կցանկանայի առանձնացնել, վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններին: Բանաձևում շեշտվում է առանց նախապայմանների սահմանների բացման հարցը՝ ընդգծվում, որ փակ սահմանների առկայությունը անընդունելի է հատկապես այն երկրների համար, որոնք ԵՄ անդամակցության թեկնածուներ են: Հասկանալի է, որ խոսքը Թուրքիայի մասին է:
Ամփոփելով ասելիքը, Է. Շարմազանովն ասաց, որ ըստ բանաձևի՝ առաջինը, Եվրոպան պատրաստ է աջակցել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները՝ ֆիքսելով, որ դրանք գործող նախագահի ու իշխող քաղաքական ուժի գլխավորությամբ շարունակվելու են:
«Երկրորդը՝ ԼՂ հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները համահունչ են:
Սա փաստում է, որ Հայաստանը տարածաշրջանում վեր է ածվել լուրջ գործոնի: Հայաստանը զինակցի սկզբունքով կառուցում է ժողովրդավարություն, իսկ ԵՄ-ի հետ հարաբերությունները գտնվում են մի այնպիսի մակարդակում, ինչպիսին որ երբեք չի եղել: Եվ այդ ամենն իրականացվում է ոչ թե ի հաշիվ մեր ազգային արժանապատվության, այլ հաշվի առնելով մեր պետական և ազգային շահերը»,- եզրափակեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները