Գ. Սահակյան. Եթե ՄԻՊ-ը ՀՀԿ-ի օգնության կարիքն ունի, ապա կարող է ՀՀԿ-ից գործնական աջակցություն ակնկալել
«Ճիշտն ասաց տեղյակ չեմ, Մարդու իրավունքների պաշտպանը համագործակցության նպատակով դիմել է ՀՀԿ-ին, թե ոչ: Քաղաքական ուժերի հետ համագործակցության առումով ԱԺ նախագահին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում են ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր ուժերը, բացառությամբ ՀԱԿ-ի, միջազգային դիտորդական կազմակերպություններ ու այլ շահագրգիռ կառույցներ»,-անդրադառնալով ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից բացի մնացած քաղաքական ուժերը համաձայնվել են համագործակցել ՄԻՊ-ի հետ՝ Panorama.am-ին ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Նա նաև ասաց, որ ՄԻՊ-ն ավելի շատ պետք է համագործակցի կառավարության հետ, որովհետև ընտրությունների հիմնական կազմակերպչական հարցերի պատասխանատուն կառավարությունն է: Միաժամանակ նշեմ, որ եթե որևէ կառույց կամ քաղաքական ուժ նման հարցերով դիմի ՀՀԿ-ին, ապա համապատասխան գործնական աջակցություն կստանա:
Հարցին, թե՝ արդյոք ԱԺ նախագահին կից ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին կարող է մասնակից լինել նաև ՄԻՊ գրասենյակը, Գ. Սահակյանը նշեց. «Այո, իհարկե: Այդ աշխատանքային խմբում ընդգրկված են ընտրական պրոցեսներին այս կամ այն ձևով առնչվող գրեթե բոլոր շահագրգիռ կողմերը, դերակատարները»:
Նրա խոսքերով, ներկայումս իմիտացիոն գործընթացներ են ընթանում. բոլորը փորձում են ցույց տալ, թե պայքարում են ազատ ու արդար ընտրությունների համար, սակայն իրականում փորձում են հասարակության աչքին ամենազոր երևալ:
«Ուզում եմ հակադարձել այդ ուժերին: Այս պահի դրությամբ նախընտրական պրոցեսները նորմալ հունով են ընթանում, նման գնահատականներ են հնչեցնում նաև միջազգային կառույցները, այդ առումով ևս, գլխավոր պատասխանատվությունն ընկած է նախագահի, կառավարության և ՀՀԿ-ի վրա: Համոզված եմ՝ այս ընթացքում, որ ուժերն էլ խախտումների ճանապարհով գնան, վերջում թիրախ են դարձնելու ՀՀԿ-ին: Նաև դա է պատճառը, որ մենք առավել շահագրգիռ ենք ընտրությունների հնարավորինս արդար անցկացման համար: Որոշ քաղաքական ուժերի մոտ ասելիքի պակաս է զգացվում, ինչքան կարող են նույն բանն ասել, դա է պատճառը, որ անընդհատ ինչ-որ ինտրիգային մոտեցումներ են ցուցաբերում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Իսկ ինչ վերաբերվում է ՄԻՊ-ին, ապա ըստ բանախոսի՝ նա ոչ թե պետք է ինչ-որ մեսիջներ ուղարկի քաղաքական ուժերին, այլ կոնկրետ զբաղվի ժողովրդի ընտրական իրավունքի պահպանմամբ, իսկ եթե կոնկրետ խնդիր կա այդ հարցում իրեն աջակցելու համար, ապա ՀՀԿ-ն ամեն կերպ կաջակցի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները