«MMM»-ի գործունեությունը լիցենզավորված չէ
Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում մեծ տարածում գտած «MMM» ֆինանսական պիրամիդային` «Հրապարակը» գրում է, թե Կենտրոնական բանկը երեկ հայտարարությամբ զգուշացրել է, որ «նշված սխեմայով իրականացվող գործունեությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված չէ, և սխեմայում ներգրավված գումարների վերադարձը որևէ կերպ չի երաշխավորվում»:
Թերթի տեղեկություններով` այս շաբաթվա սկզբին Մավրոդիի մասնաճյուղը Հայաստանում դադարեցրել է ֆինանսների տրամադրումը: «Գումարներ տրամադրած ՀՀ քաղաքացիներին ասել են, որ Մոսկվայի ընկերությունից պատվիրակություն է եկել, ֆինանսական ստուգումներ են իրականացնում Հայաստանի մասնաճյուղում` իբր գումարների գերածախս է եղել: Ասել են, թե մեկ շաբաթից գումարների տրամադրումը կշարունակեն, սակայն գումարներ ներդրած մեր համաքաղաքացիները լուրջ մտահոգություն ունեն»,- գրում է թերթը, ավելացնելով, որ իր տեղեկություններով` «MMM»-ը Հայաստանում գործում է 5 ամիս: