Գ. Ծառուկյանի հայտարարագիրը. Ադամանդներ, կահույք, «Ռոլս-Ռոյս կուպե ֆանտոմ»
«Հայկական ժամանակն» անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների մասին հայտարարագրին և ըստ այդմ գրել, որ Ծառուկյանը վերջին 1 տարում ունեցել է 21 մլրդ 433 մլն դրամի, 60 մլն 81 հազար դոլարի և 40 մլն եվրոյի եկամուտ: «Ծառուկյանը հայտարարագրել է ադամանդե քարով երեք մատանի` 3 մլն, 1 մլն և 700 հազար դոլար արժեքներով, երեք ձեռքի ժամացույց` մեկը 300 հազար, երկուսը` 500 հազարական դոլար արժեքով: 2012 մարտի 1-ի դրությամբ` բանկային հաշվեհամարներում ունեցել է 1 միլիարդ 161 մլն դրամ, 30 մլն 730 հազար դոլար և 20 մլն 483 հազար եվրո: Նա հայտարարագրել է նաև թանկարժեք կահույք` 8-ը ննջարանի, 2-ը ճաշասենյակի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 800 հազար եվրո: Ամենաթանկը` 127 հազար 820 եվրո արժողությամբ, ճաշասենյակի կահույքն է: Գագիկ Ծառուկյանը բաժնետոմսեր ունի 32 տարբեր ընկերություններում: Նրան պատկանող շինությունների ընդհանուր մակերեսը մոտ 9 հազար քառակուսի մետր է, իսկ հողամասերինը` մոտ 32 հեկտար, ունի նաև յոթ հատ ավտոմեքենա, որից ամենավերջինը` «Ռոլս-Ռոյս կուպե ֆանտոմը» ձեռք է բերել 2008-ին»: