Թուրք գործարար. ԱՄՆ-ում հայկական լոբբիի աշխատանքի դիմաց թուրքականը անբավարար է
Թուրքական «Saran Holding»-ի կառավարման խորհրդի նախագահ Սադեթթին Սարանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում գտնվող «Anadolu» համալսարանի ուսանողների հետ: Սարանը նշել է, որ մտադրվել է քաղաքականությամբ զբաղվել Թուրքիայում: Նա պատմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ ունեցած իր հանդիպումների մասին, որոնց գլխավոր թեման եղել է Հայոց ցեղասպանության հարցը:
Սարանը նշել է, որ ամերիկահայ լոբբինգը բավականին ազդեցիկ ու հզոր է, քանի որ Կալիֆորնիայում մեկ միլիոնանոց հայ ընտրախավ կա:
«Հայկական լոբբիի կատարած աշխատանքի դիմաց թուրքական լոբբիի արած գործն անբավարար է: Օրինակ, երբ ես առաջին անգամ հանդիպեցի Հիլարի Քլինթոնի հետ, նա ինձ ասաց. «Մինչև ինձ մոտ 14 հայկական խումբ է եկել: Առաջին թուրքը դուք եղաք»,- ըստ թուրքական «Հաբեր 3» (Haber 3) լրատվական կայքի` ասել է թուրք գործարարը: