Ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, դասախոսություններ` նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան
Այսօր Հայաստանի մշակույթի նախարարության կողմից Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ իրականացվելու են գիտակրթական, մշակութային միջոցառումներ, որոնք միտված են հուշարձանների պահպանմանն ու հանրահռչակմանը: Այս մասին տեղեկացանք մշակույթի նախարարությունից:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա հետ միասին այսօր նշվելու է նաև «Համաշխարհային մշակութային և բնության ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի» ընդունման 40-ամյակը, որն անցկացվելու է «Համաշխարհային ժառանգություն» անվանումով:
Հիշեցնենք, որ որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1982-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Նշենք նաև, որ «Համաշխարհային մշակութային և բնության ժառանգության պահպանության մասին կոնվենցիան» ժառանգության պահպանության բնագավառում անկախ Հայաստանի վավերացրած առաջին միջազգային փաստաթղթերից է. Հայաստանն այն վավերացրել է 1993թ. սեպտեմբերի 5-ին:
Օրվա խորհրդին նվիրված մի շարք թեմատիկ միջոցառումների են ծրագրված, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված և հայ պատմամշակութային ժառանգության գլուխգործոցներից` «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցում: Այսօր երեկոյան տեղի կունենա «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի նոր մշտական ցուցադրության բացումը և տաճարի գիշերային լուսավորության շնորհանդեսը:
Ժամանակավոր ցուցահանդեսներ կկազմակերպվեն Հայաստանի ճարտարապետության պատմության ազգային թանգարանում` «Տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայում, Ադրբեջանում», «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում` «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը», Հայաստանի ճարտարապետների միությունում «Ճարտարապետների միության ժառանգության խորհուրդը և պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների ասոցիացիան» խորագրերով: Կներկայացվի զեկույց «Իրանում վերականգնված հայկական հուշարձանները» թեմայով, կցուցադրվի «Լոռի բերդաքաղաքի» մասին պատմող գիտահանրամատչելի ֆիլմը, ինչպես նաև կներկայացվեն Ծիծեռնավանքի վերականգնման վերաբերյալ սլայդներ և պլանշետներ:
Պատմամշակութային ժառանգության բնագավառի մասնագետները ԵրՃՇՀ-ում հանդես կգան հայոց մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին նվիրված դասախոսություններով: ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում (www.armmonuments.am) կներկայացվի նախարարության կողմից պատրաստված հուշարձանների տեղեկատվական շտեմարանը, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ գործողությունների արդյունքում Facebook.com սոցիալական ցանցում Կիևյան նախաձեռնության` «Մշակութային ժառանգության վերականգնումը պատմական քաղաքներում» պիլոտային ծրագրին նվիրված «Rehabilitation of the Cultural heritage in the Historic Towns_ARMENIA» էջը:
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր կմեկնարկեն նաև ՀՀ մշակույթի, ՀՀ պաշտպանության և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների համատեղ հաստատված միջոցառումները, որոնց շրջանակներում նախատեսվում է տարվա ընթացքում դպրոցականների, զինվորների մասնակցությամբ բարեկարգել շուրջ 500 հուշարձանների տարածքներ: Ակցիային մասնակից դպրոցականների, զինվորների համար բարեկարգման աշխատանքների ավարտից հետո էքսկուրսիաներ կկազմակերպվեն «Գառնի» պատմամշակութային, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններ, «Լոռի բերդ» պատմամշակութային արգելոց: Նախարարության տարածքային և մարզային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից միջոցառման մասնակիցներին հանրամատչելի կներկայացվեն թե՛ օրվա խորհուրդը և թե՛ 1972 թ. Հռչակագրի հիմնական նպատակներն ու գաղափարախոսությունը:
ՀՀ մարզերում նախօրեին մեկնարկել են ուխտագնացություն դեպի Հովհաննես Իմաստասեր Օձնեցի կաթողիկոսի գերեզման, իսկ ապրիլի 21-22-ը և 28-29-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Երիտասարդական մշակութային կազմակերպություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ուխտագնացություններ դեպի հայկական պատմամշակութային կոթողներ» խորագիրը կրող ծրագրերը, որոնց շրջանակներում նախատեսվում է դպրոցական շարադրությունների մրցույթի արդյունքում հաղթած աշակերտներին հնարավորություն ընձեռել՝ այցելելու և ծանոթանալու Խոր Վիրապի, Նորավանքի և Տաթևի վանական համալիրներին:
Ամռան ամիսներին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և խորհրդատվությամբ Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի, «Երեխաների աջակցության հիմնադրամ» բարեգործական հիմնադրամի կողմից կիրականացվեն Ճանաչենք և պահպանենք Ստեփանավանի տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանները» և «Ճանաչենք և պահպանենք մեզ ժառանգվածը» մշակութային, կրթադաստիարակչական ծրագրերը:
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ տարվա ընթացքում «Պահպանենք, ճանաչենք, ժառանգենք» կարգախոս-խորագրով նախարարության ենթակայությամբ գործող արգելոցներ և արգելոց-թանգարաններ կկազմակերպվեն էքսկուրսիաներ, գիտաճանաչողական այցեր, մշակութային միջոցառումներ, սեմինար-պարապմունքներ, թեմատիկ զրույցներ, բաց դասեր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են