«Արարատ» սննդի կոմբինատը մինչ տարեվերջ իր արտադրանքը կարտահանի ԱՄՆ, ԵՄ և Մերձբալթյան երկրներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2011թ-ի ապրիլի 8-ին:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց կոմբինատի տնօրեն Սարգիս Թարվերդյանը, ընկերությունը հիմնադրվել է դեռևս 2001թ-ին, սակայն սննդի արտադրության ոլորտ մուտք է գործել 2009-ին:
«Կոմբինատում մշակվել է հստակ ներդրումային ծրագիր, որի արդյունքում ընկերությունը կազմակերպել է բնական հյութերի և նեկտարների արտադրություն»,- հայտարարեց նա:
Տնօրենը նշեց նաև, որ անցյալ տարի ընկերությունն արտադրել է շուրջ 2.5 մլն լիտր և 800 մլն դրամից ավելի արտադրանք: Նրա խոսքով, իր գործունեության ընդամենը մեկ տարվա ընթացքում կոմբինատը բացի TETRA PAK փաթեթավորմամբ հյութերի պատրաստման և փաթեթավորման արտադրամասից ստեղծել է նաև նոր արտադրամասեր` բնական հյութերի պատրաստման և ապակյա տարայում դրանց շշալցման, հատապտուղների, մրգերի և խոտաբույսերի չորացման, թեյի պատրաստման և փաթեթավորման, մրգերի և հատապտուղների վերամշակման արտադրամասերը:
Թարվերդյանը նշել է նաև, որ 2011թ-ին ընկերությունը մուրաբաների և մարինադների արտադրություն է կազմակերպել Տավուշի մարզի Վարագավան գյուղի և Սյունիքի մարզի Հարժիս գյուղի պահածոների գործարանում, իսկ անցած տարվա ընթացքում ՀՀ և ԼՂՀ 100-ից ավելի ֆերմերներից և գյուղացիներից իրականացրել է 180 մլն դրամից ավելի գումարի` շուրջ 800 տոննա մրգի և հատապտղի մթերում:
Սարգիս Թարվերդյանը տեղեկացրեց, որ իրենց արտադրանքի 25 տոկոսից ավելին արտահանվում է ԱՊՀ մի շարք երկրներ և ներկայումս քննարկումներ են ընթանում արտահանման երկրներում վաճառքի քանակի ավելացման ուղղությամբ: Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ արտադրանքը կարտահանվի նաև ԱՄՆ, ԵՄ և Մերձբալթյան երկրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու