«Երևան քաղաքը պատրաստ է»… Մեկնարկում են տոնական հանդիսությունները
Երևանում ապրիլի 20-22-ը կայանալիք Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքին նվիրված մշակութային միջոցառումները տոնական հանդիսությունների բարձրակետն է: Գրքի երևանյան տոնին մասնակցելու նպատակով այս օրերին Հայաստան են գալու աշխարհի ավելի քան 30 երկրների պատվիրակներ ու 5 տասնյակից ավելի պատվո հյուրեր:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական հանձնաժողովի քարտուղար-միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանն ասաց, որ մշակվել է ինտենսիվ ծրագիր, սպասվում են անակնկալներ: «Շատերը չէին հավատում, որ Երևանը կարող է ստանձնել համաշխարհային գրքի մայրաքաղաք» տիտղոսը, բայց մեր ներկայացրած ծրագիրը ընդունվեց ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց գրքի 2012 թվականի համաշխարհային մայրաքաղաք, որի պաշտոնական հանձնման արարողությունը կլինի ապրիլի 22-ին»,- ասաց նա:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց այն միջոցառումները, ցուցահանդեսներ, որոնք արդեն անցկացվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, և առաջիկայում սպասվելիք միջոցառումները, իսկ տարվա կարգախոսն է` «Ամրագրիր քո ապագան»:
Ապրիլի 21-ին Գաֆէսճյան կենտրոնում բացվելու է «ArmBookExpo» գրքի ցուցահանդես, որտեղ ներկայացված է լինելու Հայաստանում և աշխարհի տասնյակ երկրներում տպագրված հայերեն և բազմալեզու գրականությունը, որն ամբողջությամբ նվիրաբերվելու է Հայաստանի Ազգային գրադարանին: Գաֆեսճյան կենտրոնի բոլոր սրահներում ու հարթակներում անցկացվելու են գրքին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ:
Ապրիլի 22-ին «Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից» խորագրով տեղի կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի տոնական մենահամերգը Ազատության հրապարակում` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Պետական կամերային և «Հովեր» երգչախմբերի մասնակցությամբ: Վ. Սարգսյանն ասաց, որ համերգը բաց է, բացի այդ քաղաքի խոշոր էկրանների վրա լինելու է հեռարձակում: Մատենադարանի հարակից տարածքում հենց այդ օրը կայանալու է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսի փոխանցման շքեղ հանդիսությունը:
Արդեն գրքի մայրաքաղաք Երևանում ապրիլի 23-ին Մոսկովյան-Տերյան խաչմերուկի հարակից տարածքում տեղի կունենա Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» 3 մետր բարձրությամբ քանդակի բացումը, որը հեղինակի նվերն է հայրենիքին և խորհրդանշում է «Մշո ճառընտիր» մատյանը: Հուշարձանը կոչված է մեծարելու հայ կնոջը` ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած բացառիկ դերակատարման համար: Հուշարձանի ճարտարապետն է Ռուբեն Հասրաթյանը:
Ապրիլի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է «Գրի հավերժություն…» խորագրով ցուցահանդես, որի ընթացքում առաջին անգամ միասնական ցուցադրությամբ ներկայացվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Մատենադարանի, Ազգային գրադարանի հավաքածուներից ընտրված հնագիտական, վիմագրական, վավերագիր արժեքավոր ցուցանմուշներ, ընդհանուր առմամբ` 103 նմուշներ:
Տոնական հանդիսությունների օրերին տեղի կունենա Հայաստանի մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համատեղ ջանքերով կազմակերպված «Մշակութայն քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. մշակույթը կայուն զարգացման գործոն» տարածաշրջանային 2-րդ գիտաժողովը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ Երևան քաղաքը պատրաստ է բարձր մակարդակով ընդունել բոլոր հյուրերին: Նա հայտնեց, որ նախապատրասական բոլոր աշխատանքները ավարատված են: Հիմնական միոջացառումներն անցկացվելու են Կենտրոն համայնքի փոքրիկ կենտրոնում, վարչական 12 շրջաններում նույնպես նախատեսված են միջոցառումներ: Քաղաքապետն ասաց, որ արդեն առանձնացրել են 20 կետեր, որտեղ կգործեն ժամանակավոր գրախանութներ:
Վ. Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց մեկենասներին, ովքեր մեծ ջանքեր են ներդրել ու կանգնելով պետության կողքին մեծ աջակցություն են ցուցաբերել:
Նշենք, որ գրքի համաշխարհային առաջինը մայրաքաղաք դարձել է Մադրիդը (2001թ.), այնուհետև` Ալեքսանդրիա (2002), Նյու Դելի (2003), Անտվերպեն (Բելգիա) 2004թ., Մոնրեալ(Կանադա) 2005թ., Թուրին (Իտալիա) 2006թ., Բոգոտա (Կոլումբիա) 2007թ., Ամստերդամ (Նիդերլանդներ) 2008թ., Բեյրութ (Լիբանան) 2009թ., Լյուբլյանա(Սլովենիա) 2010թ., Բուենոս Այրես (Արգենտինա) 2011թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները