Գ.Ամալյան. Առավելագույնը հայաստանյան եթերում եղել է «Բարգավաճ Հայաստանը»
«Նախընտրական քարոզարշավի անցած ժամանակահատվածի վերաբերյալ իմ տպավորությունն այն է, որ մեր լրատվամիջոցներին հաջողվել է ապահովել պայմաններ պատգամավորության թեկնածուների ու քաղաքական ուժերի համար և կարծում եմ եթերային ժամի դեֆիցիտ հանրությանը մատուցելու համար, կարծես թե, չեն ունեցել: Դրա ապացույցը կարող է հանդիսանալ նաև անվճար եթերի ոչ լրիվ սպառումը»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտնեց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը:
Նրա խոսքով, այս ժամանակահատվածում եթերի հետ կապված բողոքներ ու ահազանգեր քաղաքացիներից, ինչպես նաև ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերի ու թեկնածուների կողմից չեն ստացվել: Հանձնաժողովը մոնիթորինգի է ենթարկում նաև տպագիր հրապարակումները. «Վերջերս «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը մամուլում հայտնել էր իր դժգոհությունը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության աշխատանքի հետ կապված: Մենք պահանջել ենք խնդրո առարկա տեսանյութը , որպեսզի գնահատվի` արդյոք այն համապատասխանո՞ւմ է պատգամավորության թեկնածու Մարտիրոսյանի անկողմնակալ չլինելու բողոքին»,- մասնավորեցրեց Ամալյանը:
Նայելով այն ցուցանիշներին, որ ունի հանձնաժողովն այս ժամանակահատվածի համար, առավելագույնը հայաստանյան եթերում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երկրորդ դիրքում ՀՅԴ-ն է, հաջորդում է «Օրինաց երկիր»-ը, այնուհետև «Ժառանգությունն» ու ՀՀԿ-ն: ՀԱԿ-ը հայտնվել է վեցերորդ տեղում: Սակայն ՀՌԱՀ նախագահը նշեց, որ այս հանգրվանում ստացված ցուցանիշները դեռևս հիմք չեն տույժեր կիրառելու համար ու պարզաբանեց. «Նախ, այս թվերի ձևավորման համար կան մի շարք օբյեկտիվ պայմաններ. Հրավերները ընդունում կամ չեն ընդունում քաղաքական ուժերը և հենց հեռուստաընկերություններից պետք է ստանանք բացատրություն, թե որ կոնկրետ դեպքում է խախտված որևէ ցուցանիշ: Երկրորդ. այն հեռուստածրագրերում, որտեղ նախատեսվում է որպես հյուր հրավիրել այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցչին, նրանց հերթը հասնելու է հաջորդաբար և թերևս կհասնի նախընտրական այս քարոզարշավի հաջորդ շրջանում: Եվ մյուս կողմից էլ սա կարող է առանձին վերցրած քաղուժի ռազմավարությունն է»,- տեղեկացրեց նա` հավելելով, որ հեռուստաընկերությունները պետք է փորձեն կոմպենսացնեն այդ դիսբալանսը և համապատասխան պահանջ հանձնաժողովն արդեն ներկայացրել է նրանց:
Բայց միևնույն ժամանակ էլ տեղեկացրեց, որ արդեն իսկ կան նաև վարչական տույժի ենթարկված հեռուստաընկերություններ: Գ.Ամալյանի խոսքով, Հրազդանի ու Սպիտակի հեռուստաընկերությունների նկատմամբ վարչական տույժեր են կիրառվել, որովհետև հակառակ նրա, որ այդ հեռուստաընկերությունները պետք է հանձնաժողովին տրամադրեին տեղեկատվություն նախընտրական քարոզչության շրջանում իրենց գործունեության մասին, դրանք ընդհանրապես տվյալներ չէին տրամադրել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում