ՀՀԿ-ն չի պատրաստվում նույն կերպ պատասխանել ՀԱԿ-ի ագրեսիվ հռետորականությանը
«Մեզ այսօր հարկավոր է քաղաքական հանդուրժողականություն, և չնայած ընդդիմության կողմից հնչող ագրեսիվ հռետորականությանը` մենք չենք պատրաստվում նույն կերպ պատասխանել»,-ասել է ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ Դավիթ Հարությունյանը` պատասխանելով «Голос Армении»-ի թղթակցի այն նկատառմանը, որ ՀՀ նախագահը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ խոսում է քաղաքական կոռեկտության մասին, իսկ ՀԱԿ-ն անընդհատ խոսում է ՀՀԿ-ի դեմ քաղաքական «ֆրոնտի» ստեղծման և «ավազակապետության» մասին:
Պատասխանելով ընտրացուցակների մասին ընդդիմության կողմից անընդհատ հնչող հանդիմանությունների վերաբերյալ հարցին` Դ. Հարությունյանը նշել է. «Ընտրացուցակները կարող են ուսումնասիրել բոլորը, դրանք թափանցիկ են և հասանելի ամենքին, նույնիսկ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Հարավային Ամերիկայի երկրներում ընտրացուցակների ուսումնասիրությունների ժամանակ ընտրացուցակների կազմելու հայկական մոդելը ներկայացվում է որպես հաջողված մոդել»: Դ. Հարությունյանը նաև նշել է, որ կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի ընդդիմությունը կարողանա վերահսկել իրավիճակն ընտրատարածքներում. «Ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ ընտրատարածքների 50%-ից ավելիի ղեկավար պաշտոններից մեկը զբաղեցնում է ընդդիմության ներկայացուցիչը»,-ասել է նա: