«Գելափ»-ի հարցումը որոշում չէ
Անդրադառնալով սոցիոլոգիական հետազոտությունների ասպարեզում համաշխարհային առաջատար համարվող «Գելափ» կազմակերպության կողմից նախընտրական Հայաստանում ապրիլի 4-10-ը անցկացված հարցման արդյունքների շուրջ քաղաքական և մերձքաղաքական շրջանակներում ծավալվող քննարկումներին` «Հայոց աշխարհ»-ը գրում է. «Նախ՝ այդ հարցումներն ընդամենը ծառայում են հասարակական կարծիքի առավել համակողմանի ու ամբողջական բուն ուսումնասիրությանը, որը թույլ է տալիս պատկերացում կազմել հանրության սոցիալական և տարիքային տարբեր խմբերի, կանանց ու տղամարդկանց տրամադրությունների, ակնկալիքների, համակրանք-հակակրանքների մասին։ Ամենակարևորը՝ սոցիոլոգիական հարցումը որոշում չէ, ինչպես երևի կարծում են հայրենի որոշ գործիչներ, կուսակցությունների ներկայացուցիչներ կամ կիսաքաղաքական-կիսալրագրային գործիչներ։ Այստեղից էլ՝ այդ ամբողջ «ընկերախմբի» այն ծիծաղելի արձագանքները, որոնցով փորձում են հերքել... սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները»։
Թերթը եզրակացնում է. «Կարճ ասած, քաղաքական ուժերը պետք է սկսեն հետևություններ անել սոցիոլոգների ուսումնասիրություններից, այլ ոչ թե կայտառ-զվարթ հայտարարեն, թե՝ «սաղ սութ ա», որովհետև, իրենց %-ը հարցման արդյունքներով ցածր է ստացվել։ Թեպետ, երբ բոլորը հայտարարում են, թե անվերապահորեն ու 100%-ով հաղթելու են ու նման բաներ, դժվար է այլ, ավելի լուրջ վերաբերմունք ակնկալել: