Սյունիքում վախի մթնոլորտ է. առաջարկ կա` բացել «վախի բաժանմունքներ»
Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է. «Քարոզարշավն ընթանում է առանց էական խոչընդոտների, սակայն առկա է վախի մթնոլորտ: Որևէ աշխատանք ունեցող անձ անհանգստացած է դրա կորստով:Այսօր Սյունիքի ամենամեծ համայնքում` Շինուհայրում, վախի մթնոլորտն ակնհայտ էր: Ես այդ մասին հեռախոսով իմ մտահոգությունները հայտնեցի համայնքի ղեկավարին, որն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու այդ համայնքում ընտրողների հետ հանդիպման համար տրամադրված դպրոցի դահլիճում նստարաններ չկան: Համայնքի ղեկավարն ինձ հակադարձեց, որ դա է իրավիճակը, և եթե ես դժգոհ եմ, ապա կարող եմ բացի հանրապետական լրատվամիջոցներից, դիմել նաև միջազգային ատյաններին: Համայնքներից մեկում ինձ, որպես առողջապահության կազմակերպչի, առաջարկեցին Գորիսի և Սիսիանի բժշկական կենտրոններում բացել «վախի բաժանմունքներ»:
Հետաքրքիր առաջարկություն է, պետք է մտածել իրագործման մասին»:
Թերթը հիշեցնում է, որ այդ ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվել է Սյունիքի մարզպետի մարդը համարվող Հայկ Գրիգորյանը: Թերթի հարցին, թե` «նախընտրական այցով Սյունիք այցելած ՀՀ նախագահը կոչ է արել ձայն տալ Ձեր ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ թեկնածու Հայկ Գրիգորյանին, ինչպե՞ս եք այդ դեպքում գնահատում հաղթելու Ձեր շանսերը», Հակոբյանն ասել է. «ՀՀ նախագահը բնական է, որ պետք է ընտրողներին դիմեր այդ կոչով: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ակտիվորեն շփվում եմ ընտրողների հետ, և ակնհայտ է, որ իմ առաջադրումը մեծ ոգևորություն է առաջացրել ամբողջ տարածաշրջանում, մարդիկ ամենուր իրենց զորակցությունն են հայտնում»: