Արթուր Բաղդասարյանի դրամական միջոցները նվազել են
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի դրամական միջոցները վերջին հինգ տարիներին նվազել են. Փոխարենը` նա ձեռք է բերել տարբեր տեսակի սեփականություն, գույք, որ 2007-ի ընտրությունների ժամանակ չի ունեցել. այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:
«Ըստ ՀՀ ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, Արթուր Բաղդասարյանն ունի 215,3 ք/մ մակերեսով բնակարան` Երևանի Բայրոնի 3 հասցեում: Նույն հասցեում ունի նաև ավտոտնակ` 34,8 ք/մ մակերեսով: Ամենահամեստ հաշվարկներով, այդ բնակարանի շուկայական արժեքը մոտ 300 հազար դոլար է: Նախորդ խորհրդարանական ընտրություններում ներկայացրած հայտարարագրի համաձայն, Բաղդասարյանը ոչ մի սեփականություն չի ունեցել: Նրա հաջորդ ձեռքբերումը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան է, որը ևս նախկինում չի եղել: Չորս տարի առաջ չի ունեցել նաև սեփական ընկերություն: Այժմ նրան են պատկանում «Գավեքս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը: Վերջին մեկ տարում ԱԽՔ-ի եկամուտը եղել է նրա աշխատավարձը` 4 մլն 295 հազար դրամ (ողջ տարվանը): 2012-ի մարտի 1-ի դրությամբ, նրա բանկային հաշիվներին եղել է 5 մլն դրամ և 20 հազար դոլար: 2007-ին նա հայտարարագրել էր 8 մլն 100 հազար դրամ և 190 հազար դոլար: