Մ. Եղիազարյան. «Մարդկանց ճանաչեք իրենց կատարած գործերով»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իր նախընտրական քարոզարշավին, թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրված թեկնածու, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը հայտարարեց, որ պատրաստվում են տարածել 4000 դիսկեր, որոնցում լինելու է թեկնածուի խոսքը, լինելու է տեսանյութ Ղարաբաղյան պատերազմից, ինչպես նաև թեկնածուն հանդիպումներ է ունենալու ժողովրդի հետ:
«Մենք ժողովրդին ասելու ենք` մենք այս մարդն ենք, կարող էինք վատը լինել, չեղանք, որովհետև մեր պայքարն ազնիվ էր, մենք ձեզ սիրում էինք, մենք ձեզ հարգում էինք, մեր աչքը ձեր երեխայի ունեցվածքի վրա չէր: Եվ մեր կարգախոսը կլինի` մարդկանց ճանաչեք իրենց կատարած գործերով»,- հավելեց թեկնածուն:
Բանախոսը կարծիք հայտնեց, որ ժողովրդի 40 տոկոսը ստիպված, պարտադրված կամ կաշառված գնում է կուսակցությունների հետևից, սակայն 60 տոկոսն ազատ է և իրենք աշխատելու են այդ 60 տոկոսի հետ:
Այնուհետև, խոսելով ընտրակաշառքների մասին, Մ. Եղիազարյանն ասաց. «Ես իրավունք ունե՞մ 10 հազար դրամով ձայն գնելու: Մի՞թե իմ գնահատականը 10 հազար դրամի է»:
Բայց, այնուամենայնիվ, Մ. Եղիազարյանը ցանկացած թեկնածուի հաղթանակը համարում է ընդունելի` անկախ այն բանից, թե ինչ միջոցներով դա տեղի կունենա:
Նա քաղաքական գործընթացների հետ կապված հայտնեց իր մտահոգությունը` ասելով. «Ո՞վ է ուզում գնալ մի տուն ասեմ, ձեռնարկություն ասեմ, կամ հավաքատեղի, որտեղ այնքան էլ պարզ չէ մարդկանց վարքագծերը: Ես դժվարություններից չեմ վախենում, ես վախենում եմ, որ գնամ, բայց ոչինչ չկարողանամ փոխել: Ավելի սարսափելին դա է, քան պարտվելը»: