ԲՀԿ փոխնախագահը քաղաքական հարցերով կխոսի, եթե լինի կուսակցության հանձնարարությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Սամվել Բալասանյանն, իր վստահեցմամբ, ակտիվ քարոզարշավ է իրականացնում, սակայն քաղաքական բնույթի հայտարարություններ չի անում, քանի որ չկա կուսակցության հանձնարարություն:
Panorama.am-ի դիտարկմանը, որ լինելով ԲՀԿ-ի փոխնախագահ, ըստ էության, երկրորդ դեմք կուսակցությունում, Սամվել Բալասանյանը նախընտրական քարոզչության ընթացքում բավականին պասիվ է, ԱԺ փոխնախագահն առարկեց. «Ես շատ ակտիվ եմ, որովհետև ինձ հանձնարարված է Շիրակի մարզի քարոզարշավը: Այնտեղի հեռուստաընկերություններով ակտիվ նաև ցույց ենք տալիս, նաև ինչ-որ տեղ «Կենտրոն»-ի նորություններով է գնում: Ես համարյա բոլոր գյուղերում լինում եմ: Գրաֆիկով հիմա գնում ենք Աշոցք, Ամասիա` շաբաթ կիրակի օրերին»:
Նրա խոսքով իր նախընտրական ակտիվությունը սևեռված է հատկապես 35-րդ ընտրատարածքում, որտեղ ինքն առաջադրված է մեծամասնական ընտրակարգով: «Եթե դուք մտնեք Գյումրի քաղաք, այդ ակտիվությունը հաստատ կզգաք»,- վստահեցրեց Սամվել Բալասանյանը:
Ինչ վերաբերում է մարզում իրականացվող բարեգործություններին, որոնք կապվելով Սամվել Բալասանյանի անվան հետ` բազմիցս որակվել են ընտրակաշառքի բաժանում, ԲՀԿ փոխնախագահը պարզաբանեց. «Մենք ունենք «Բալասանյան ընտանիք» հիմնադրամ և մենք անում ենք նման ակցիաներ, որն ընդհանրապես կապ չունի նախընտրական քարոզարշավի հետ: Եթե 2010 թվականին մենք գարու սերմնացու էինք տալիս, 2011-ին էինք տալիս, ոնց որ էդ ժամանակ էդպիսի հարցեր չեք տալիս, հիմա տալիս եք: Ես միշտ գյուղացու կողքին եմ, ես միշտ իմ հիմնադրամով, փաստորեն, իրականացնում եմ նման ակցիաներ»:
Հարցին, թե ճի՞շտ է, որ ինքը հակակարկտային կայաններ է տրամադրում մարզի գյուղերին, պարոն Բալասանյանը պատասխանեց. «Կայանները դրվել են դեռ դեկտեմեբեր-հունվար-մարտ ամսին, որը կապ չի ունեցել (ընտրությունների հետ) և այդ ժամանակահատվածում, որտեղ որ տեղադրվել է հակակարկուտային կայաններ նույնիսկ 35 ընտրատարծքի գյուղեր չեն»: Թե քանի կայան է այս ընթացքում տեղադրվել, Սամվել Բալասանյանը ճշգրիտ չգիտեր` խորհուրդ տվեց հիմանդրամի տնօրենից ճշտենք, իսկ տնօրենի հեռախոսահամար չտրամադրեց` պատճառաբանելով, որ անգիր չի հիշում:
Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, ապա ԱԺ և ԲՀԿ փոխնախագահն ակնհայտորեն խուսափում էր դրանք շոշափելուց: Օրինակ, հետաքրքրվեցինք, թե ինչպես կմեկնաբանի այն պնդումները, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն է եկել ԲՀԿ քաղաքական մասն ակտիվացնելու համար, Սամվել Բալասանյանը նախ վստահեցրեց, որ իրենք միշտ էլ քաղաքականապես ակտիվ էին, ապա հորդորեց հարցն ուղղել հենց Օսկանյանին:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի կոալիցիայի և այնտեղ ԲՀԿ դերակատարության վերաբերյալ Վարդան Օսկանյանի հայտարարություններին` Սամվել Բալասանյանը կարճ կտրեց. «Ուրեմն բերեք, Դուք իմ հետ կապված հարցեր տվեք: Ես իրենց տեղը պատասխանելու որևէ խնդիր չունեմ»:
Այն դիտարկմանը, որ բոլոր դեպքերում ինքը կուսակցության մեջ բարձր դիրք ունի և ոչինչ չի խանգարում մեկնաբանել գործընկերոջ հայտարարությունները, ԲՀԿ փոխնախագահն ուղղակի ասաց. «Մի րոպե, եթե մենք քաղաքական թեմայով իրար հետ սկսենք խոսել, և ինձ ասեն, որ պետք է քաղաքական հարցերին պատասխանես, ուրեմն դա կուսակցական կարգապահություն է և ես կգամ կպատասխանեմ: Ես արդեն 13 տարի քաղաքականության մեջ եմ, երևի 13 տարուց ավելի: Էնենց որ ես քաղաքականություն լավ պատկերացնում եմ»:
Սամվել Բալասանյանի այս պատասխանից հավանաբար կարելի է ենթադրել միայն, որ քաղաքականությունից ինքը լավ է հասկանում, բայց քաղաքական թեմաներով խոսում է միայն, եթե իրեն ասեն, այսինքն` լինի հանձնարարություն: