ԿԳ նախկին նախարար Սեյրանյանը` Աշոտյան-Զոլյան հակամարտության մասին
ԿԳ նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը դժվարանում է մեկնաբանություն տալ Աշոտյան-Զոլյան հակամարտության մասին:
«Թե պարոն Զոլյանի, և թե պարոն Աշոտյանի հետ ունեմ շատ մտերիմ հարաբերություններ»,-«Ուրավագիծ» հաղորդման ժամանակ պատճառը ներկայացրեց դաշնակցական գործիչը:
Սեյրանյանի կարծիքով, պրոբլեմն առկա է ու այն որոշակի խմորումների տեղիք կտա: Հարցին, թե Աշոտյանի` Զոլյանին Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնից ազատման հրամանը անօրինական չէ՞ արդյոք, նախկին նախարարն արձագանքեց, որ օրենքը միանշանակ չէ, կան բացեր:
Դիտարկմանը, թե դա նշանակո՞ւմ է, որ ռեսուրսների կռիվ կգնա, Սեյրանյանը արձագանքեց. «Չգիտեմ` ինչ կլինի, բայց ես շատ շահագրգռված կլինեի, որ նման դրսևորում չլիներ»: Նա նաև նկատեց. «Երևույթի արդար հանգուցալուծումը անպայմանորեն կունենա դրական նշանակություն»:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երկու խիստ նկատողությունից հետո Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի աշխատանքային պայմանագիրը լուծված համարեց: Զոլյանը հրամանը անօրինական որակեց` հայտարարելով, թե դատական կարգով բողոքարկելու է նաև այդ որոշումը: Ի պաշտպանություն Զոլյանի երեկ կառավարության առաջ բողոքի ակցիա են անցկացրել ուսանողները: Նրանց ընդունել է վարչապետը , խոստացել է այսօր հարցերին պատասխանել Աշոտյանը: