Ավետ Պողոսյանը դիտորդներին ասել է, որ համատիրությունները ճնշումներ են գործադրում բնակիչների վրա
Թիվ 6 ընտրատարածքում Հայ ազգային Կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Ավետ Պողոսյանը երեկ` (արդեն երկրորդ անգամ) հանդիպել է դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդներ Անդրեա Մոկանուին` Ռումինիա և Դիանե Տեցինիին` Կանադա: Ավետ Պողոսյանի նախընտրական շտաբի հաղորդմամբ, հանդիպումը կայացել է դիտորդների նախաձեռնությամբ:
Ըստ աղբյուրի, հնդիպման ընթացքում Պողոսյանը դիտորդներին է ներկայացրել ընտրացուցակներում առկա բազմաթիվ անճշտությունների փաստեր, մասնավորապես, գոյություն չունեցող հասցեների, մահացած, զինծառայության մեջ գտնվող անձանց անունների առկայությունը ընտրացուցակներում:
Խոսք է գնացել ընդհանրապես ընտրական գործընթացների` օրենքին չհամապատասխանելու մասին: Պողոսյանը դիտորդներին տեղեկացրել է, որ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող մարմինները, և մասնավորապես, համատիրությունները ճնշումներ են գործադրում բնակիչների վրա, և նաև` չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը` չեղյալ են համարում բնակիչների կողմից ունեցած տարբեր տեսակի պարտքեր` իշխանությունների օգտին քվեարկելու խոստման դիմաց:
Պողոսյանը խոսել է նաև ԸՕ-ի անկատարության մասին, մասնավորապես, նշել է, որ ժամանակին օրենքում կատարված փոփոխություններից հետո այժմ հնարավոր չէ քվեարկության ավարտից հետո ծանոթանալ գրանցամատյանների հետ, և տեսնել, թե որ քաղաքացիներն են ընտրությունների օրը քվեարկել: Պողոսյանը նշել է, որ այդպիսով հնարավոր չէ դառնում ստուգել Հայաստանից բացակայող քաղաքացիների փոխարեն տեղի ունեցած քվեարկության փաստերը, որոնք ընտրակեղծիքների հիմնական ձևերից մեկն են հանդիսանում:
Հանդիպման ավարտին դիտորդները փոխանցել են Ավետ Պողոսյանին, որպեսզի վերջինիս կողմից ցանկացած ընտրախախտում արձանագրելու դեպքում այդ մասին անմիջապես տեղյակ պահի իրենց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան