ՀԱԿ-ը` Գ. Ծառուկյանի ֆինանսական ազդեցության տակ
«Հայաստանյան ընտրություններ. ինտրիգներն առայժմ երեքն են»` այս վերնագրով հոդված է հրապարակել հեղինակավոր «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի ուկրաինական հրատարակությունն իր երեկվա համարում` անդրադառնալով Հայաստանի խորհրդարանական ընտրություններին և ընթացիկ ընտրարշավի առանձնահատկություններին: http://kp.ua/daily/190412/334519/
Թարգմանաբար և աննշան կրճատումներով «Ազգը» հրապարակել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Նաումովի հոդվածը…
Փորձագետները նախընտրական արշավն ընդհանուր առմամբ դրական են գնահատում: Նրանք ընդգծում են, որ իրավապահ մարմինների ակտիվ դիրքորոշման շնորհիվ հաջողվում է խուսափել այդ երկրի համար ավանդական` «անձնավորված» և ծայրաստիճան հուզական նախընտրական իրավիճակից: Բացի այդ, բոլոր թեկնածուներն ու կուսակցությունները մամուլի հասանելիության ու քարոզչություն իրականացնելու հավասար պայմաններ ունեն:
Քանի որ քաղաքական ուժերը «քիթ-քթի» են, փորձագետները նախազգուշացնում են` հնարավոր է դա ոչ միանշանակ հետևանքների հանգեցնի: Երկու կուսակցություններն էլ հավակնում են բացարձակ առաջատարության և միաժամանակ ընդգրկված են կառավարող կոալիցիայի մեջ:
Միևնույն ժամանակ հասարակության մեջ ամրապնդվել է կարծիք, որ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), որն անհաշտ ընդդիմության փառավոր համբավ ուներ, հայտնվել է Գագիկ Ծառուկյանի ֆինանսական ազդեցության տակ: ՀԱԿ-ը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանը, ով 2008 թվականի հետընտրական ողբերգական իրադարձությունների ժամանակ ժողովրդին բարիկադների էր հանել:
Երբ ընտրողները սկսեցին խոսել այն մասին, թե տերպետրոսյանական շրջանի պաշտոնյաների կողմից ղեկավարվող ՀԱԿ-ը Գագիկ Ծառուկյանի հետ նույն խաղն է խաղում, փորձառու ազատականները, որ պատրաստ չէին առևտրին, լքեցին Կոնգրեսը: Դա նաև հիասթափեցրեց ՀԱԿ-ի երիտասարդական թևի հազարավոր ներկայացուցիչների` չնայած երիտասարդությունը դաշինքի եթե ոչ միակ, ապա` էական շարժիչ ուժն էր:
Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև գաղտնի պայմանավորվածությունները միջնորդավորված ձևով հաստատում է այն, որ ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթը կտրականապես դադարեցրել է նկատել վերջինիս «թերությունները»: Չնայած, որ մինչև վերջերս թերթի խմբագիր և ՀԱԿ առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ ձևով էր արտահայտվում Ծառուկյանի մասին և «օլիգարխի դեմ համաժողովրդական պայքարի» կոչ էր անում:
Փորձագետները հանգում են այն մտքին, որ փող ու միջոցներ չխնայող և ապագա խորհրդարանում առնվազն երկրորդ տեղին հավակնող ԲՀԿ քաղտեխնոլոգները հույս ունեն ընտրությունների ժամանակ տիրանալ ներքին խժդժություններից ու ֆինանսական կախվածությունից թուլացած ՀԱԿ-ի ձայներին:
Սակայն, քաղաքագետների կարծիքով, Ծառուկյանի ուղին սայթաքուն է: Ինչպես արդեն նշեցինք, ՀԱԿ-ում արդեն պառակտում եղել է ու ազատական երիտասարդության ճնշվածությունն ակնհայտ է, իսկ իր` Բարգավաճի համակիրների շարքերում խմորումներ են սկսվել:
Փորձագետների կարծիքով` «դաշտային» շատ կուսակցականներ բարգավաճականների համար աշխատում էին ոչ միայն հանուն փողի, ինչը պարբերաբար ներարկվում է այդ` համեմատաբար երիտասարդ կառույցի մեջ, այլև ԲՀԿ-ն ընկալում էին որպես իշխանության մաս, յուրօրինակ «տանիք»:
Այժմ, երբ «Բարգավաճ Հայաստանը» փորձում է հակադրվել իշխանություններին, դա ինչ-որ չափով լարում է շարքային անդամներին ու քարոզիչներին, որոնցից յուրաքանչյուր երկրորդը հասարակ մարդու տեսանկյունից հստակ ու հասկանալի մոտեցում ունի` առճակատման մեջ չմտնել հանուն քաղաքական գաղափարների:
Այս ֆոնին ընտրությունների դժվար կանխատեսելի մասնակցի է վերածվում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը: Այն նույնպես հավակնում է ՀԱԿ-ը լքած ազատականների ձայներին: Բացի այդ, նա փորձում է բազմապատկել ուժերը` ի հաշիվ չկողմնորոշված ընտրողների:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում