ՀԱՐՑՈՒՄ. Եթե ընտրությունները լինեին այս կիրակի, առաջատարը կլիներ ՀՀԿ-ն
ՀՀ տարածքում Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքներով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 41%-ը: Ներկայացնելով հետազոտության արդյուքները` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց կենտոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովը:
Նշենք, որ Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը «Շանթ» հեռուստաընկերության կողմից պատվիրված սոցհարցում է անցկացրել` պարզելու մայիսի 6-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում ընտրողների ակտիվությունն և նախընտրությունները: Հարցումներն անկացվել են ապրիլի 1-13-ը` Հայաստանի ողջ տարածքում: Հարցմանը մասնակցել է 1600 մարդ:
Ըստ ներկայաված տվյալների Հարցվածների 41%–ն ասել է, որ լավ է գնատատում նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 33%-ը։ Իր հերթին 27%-ը լավ է գնահատում կառավարության գործունեությունը:
Այն հարցին, թե, որ կուսակցություները կանցնեն խորհրդարան, հարցվածների 90%–ը նշել է «Բարգաված Հայաստան», 88%–ը` ՀՀԿ և 50%–ը՝ ՕԵԿ կուսակցությունների անունները ։ ՀՅԴ-ի խորհրդարանը անցնելու շանսերը իրական է գնահատում հարցվածների 31%–ը, իսկ «Ժառանգությանը»` 22%–ը:
Հարցվածների 55 %-ն ասել է, որ կարծում է, որ իր ձայնը ոչինչ չի փոխի:
Եվ վերջապես, այն հարցին, թե «Եթե ընտրությունները լինեին այս կիրակի, ո՞ր կուսակցությանը օգտին կընտրեիք», հարցվածների 32%–ը պատասխանել է հօգուտ ՀՀԿ-ի, 27–%-ը՝ ԲՀԿ-ի, 5%–ը՝ ՕԵԿ-ի, 4-ական %՝ «Ժառանգությանը» և ՀՅԴ-ին, 3%–ը՝ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքին և 2%–ը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը։