Նալբանդյան. Հայաստանը կշարունակի իր նպաստը բերել Աֆղանստանում խաղաղության հաստատմանը
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մասնակցել է Բրյուսելում տեղի ունեցած՝ Աֆղանստանին նվիրված արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի ընդլայնված հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
«Հայաստանն եկավ Աֆղանստան իր մասնակցությունը բերելու միջազգային համատեղ ջանքերին օգնելու այդ երկրին խաղաղություն հաստատելու իր, իր հարևանների և միջազգային հանրության հետ, թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությունը ոչ միայն Աֆղանստանում, այլ մերթընդմերթ որպես վարձկանների՝ այլուր: Մենք մեր տարածաշրջանում դրա ականատեսն ենք եղել և գիտենք, թե դա ինչ է նշանակում»,-ասել է ԱԳ նախարարը:
Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի իր նպաստը բերել Աֆղանստանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը, պահպանմանն ու ամրապնդմանը, ինչպես մինչև 2014 թ. նախատեսվող անվտանգության աջակցության ուժերի դուրս բերումը, այդպես էլ դրանից հետո:
Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաև զրույցներ է ունեցոլ մի շարք երկրների իր գործընկերների հետ: