Մոնիթորինգ. Տպագիր մամուլը նախընտրական այս շրջանում ավելի շատ իրականացնում է քարոզչական, քան տեղեկատվական գործառույթ
Հայաստանյան տպագիր մամուլը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ընտրական գործընթացների նկատմամբ: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ տպագիր մամուլը նախընտրական այս շրջանում ավելի շատ իրականացնում է քարոզչական, քան տեղեկատվական գործառույթ: Քաղաքական ուժերի և գործիչների օգտին կամ ի վնաս բացահայտ կամ քողարկված քարոզչություն պարունակող նյութերի ծավալը թերթերից շատերի մոտ գերազանցում է հրապարակումների մեկ երկրորդը: Այս մասին ասուլիսում հայտարարեց Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթևիկ Փիրումյանը:
Հիշեցնենք, որ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող և Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում 2 ընտրական գործընթացներին» ծրագրի շրջանակներում 2,5 ամիս դիտարկվելու է հայաստանյան 16 թերթերի այն հրապարակումները, որոնք վերաբերում են ընտրական գործընթացներին: Մոնիտորինգը սկսվել է մարտի 12-ից, դիտարկվում են այն թերթերը, որոնք ունեն 3000 և ավելի տպաքանակ և հանրապետական սպառում («Իրատես դե ֆակտո», «Ազգ», «Իրավունք», «Հայոց աշխարհ», «Հայկական ժամանակ», «Երկիր», «Ժամանակ»,«Ժողովուրդ», «Չորրորդ ինքնիշխանություն», «Հրապարակ», «168 ժամ», «Առավոտ», «Հայացք», «Օրակարգ», «Голос Армении», «Новое Время»):
Տպագիր մամուլի մոնիթորինգի հաշվետու փուլն ընդգրկում է մարտի 12-ից ապրիլի 14-ը ներառյալ: Հետազոտվել են 16 անուն թերթերի մոտ 2500 հոդվածներ, որոնք առնչվել են խորհրդարանական ընտրություններին:
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի փորձագետ Արմեն Մինասյանն ասաց, որ շատ դեպքերում մամուլում արձանագրվել են անհավասարակշիռ, իրադարձությունների սուբյեկտիվ և ընտրանքային լուսաբանման դեպքեր, որոնք դրսևորվում են գնահատականներ պարունակող վերնագրերի կիրառությամբ, ամենատարբեր մանիպուլյատիվ հնարքներով: Հաճախակի են հեղինակների կողմից կողմնակալ վերաբերմունքի դրսևորման դեպքերը` գնահատական պարունակող մեկնաբանություններ, զրուցակիցներին ուղղորդող հարցադրումներ:
Փորձագետը նշեց, որ քանակական առումով ամենաշատ հիշատակումները եղել է ՀՀԿ վերաբերյալ, որից 40-ն տոկոսն ունեցել է բացասական բնույթ, դրական` 9,5 տոկոս, երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, բացասական հիշատակների տեսակարար կշիռը կազմել է 37 տոկոս, դրական` 9,4 տոկոս, այնուհետև` ՀԱԿ (բացասական հիշատակումները` 41,9 տոկոս, դրական` 12,1 տոկոս), «Ժառանգություն» (բացասական հիշատակումները` 33 տոկոս, դրական` 8,9 տոկոս), ՕԵԿ (բացասական հիշատակումները` 39,6 տոկոս, դրական` 5,4 տոկոս) և ՀՅԴ (բացասական հիշատակումներ` 16,2 տոկոս, դրական` 11,6 տոկոս): Իսկ ՀԴԿ, ՀԿԿ, ՄՀԿ գործունեությունը ստվերում են և տպագիր մամուլի կողմից հիշատակվում են խիստ հազվադեպ:
Մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուներին առավել շատ անդրադարձել է «Հայկական ժամանակ», «Հրապարակ», «Չորրորդ ինքնիշխանություն», «Ժողովուրդ» թերթերը: Նախքան քարոզարշավի պաշտոնական մեկնարկը թերթերն անդրադարձել են թիվ 7, 10, 4, 12, 11 ընտրատարածքներին (բոլորը Երևանում), թիվ 19 և 37 ընտրատարածքներին (մարզերում), իսկ պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո` թիվ 1, 2, 7, 21, 23 ընտրատարքծներին:
Ա. Մինասյանն ասաց, որ պաշտոնական քարոզարշավի մեկ շաբաթվա հրապարակումների ուսումնասիրությունը և դրանց համեմատությունը նսխորդող շրջանի հետ ցույց է տալիս, որ տպագիր մամուլի ոլորտում նկատվող բացասական երևույթները խորանալու միտումներ են դրսևորում. գնահատական և քարոզչություն պարունակող նյութերի տեսակարար կշիռը գնալով ավելանում է, իսկ դրանց մեջ քվեարկության օրվա մոտենալուն զուգահեռ ավելանում են բացասական գնահատականներ ներառող և առանձին ուժերի դեմ հակաքարոզչություն իրականացնող նյութերի քանակը:
Նախորդող նորություն` Մարտի 12-ից դիտարկվում են այն թերթերը, որոնք ունեն 3000 և ավելի տպաքանակ և հանրապետական սպառում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները