«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ». Հաղթել է Երևանի պետական հումանիտար քոլեջի թիմը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր տեղի է ունեցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղ-մրցույթը՝ Երևանի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողական թիմերի մասնակցությամբ։ Խաղի կազմակերպիչն էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի կազմակերպմանն ու անցկացմանն աջակցում էր Գիտակների հայկական ասոցիացիան։
Միջոցառմանը մասնակցել են Երևանի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 11 թիմեր։ Ինտելեկտուալ այս խաղում առաջին տեղը գրավել է Երևանի պետական հումանիտար քոլեջի թիմը, երկրորդ հորիզոնականում էր Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը, իսկ երրորդում՝ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը ներկայացնող թիմը։ Այս մասին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Գիտակների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, խաղը վարող Հարություն Արզումանյանը նշել է, որ թիմերին առաջադրված հարցերը հիմնականում տրամաբանական բնույթի էին, սակայն միայն տրամաբանությամբ հարցերի պատասխանելը բավականին բարդ է. անհրաժեշտ է ունենալ գիտելիքների համապատասխան բազա։ «Այն գիտելիքները, որ պահանջվում էին հարցեին պատասխանելու համար, ներկաներն ունեին։ Արդյունքները գոհացուցիչ էին. մասնակիցները ցուցաբերեցին գրեթե 50 տոկոս արդյունք, ինչը բավականին բարձր ցուցանիշ է»,- նշել է Հարություն Արզումանյանը։ Նա նաև հավելել է, որ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների միջև առաջին անգամ է նման մրցույթ անցկացվում, և ծրագրեր կան այսպիսի միջոցառումները դարձնել շարունակական։ Խաղի ընդմիջումներին քոլեջների և ուսումնարանների սաները ներկայացրին երաժշտական համարներ, ցուցադրեցին իրենց մոդելավորած զգեստները։ Բոլոր 11 թիմերը խաղի ավարտին ստացել են մասնակցության վկայականներ, իսկ հաղթող թիմերն արժանացել են նվերների։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան