Ռ. Քոչարյանի բնավորության առանձնահատկությունները կարող են երկրի համար վտանգավոր լինել
«Առավոտը» խմբագրականում գրում է. «Ես չեմ վախենում Սերժ Սարգսյանի, չեմ վախենում Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից: Ես ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, եթե նախագահ դառնան Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը: Նրանք, իհարկե, տարբեր ձևով են ղեկավարելու, բայց բանական մարդիկ լինելով, պաթոլոգիկ հակումներ չունենալով` կփորձեն պահպանել ներքին կայունությունն ու համերաշխությունը: Միակ մարդը, որի իշխանությունից ես վախենում եմ, Ռոբերտ Քոչարյանն է: Վախենում եմ ոչ անձամբ ինձ համար, պարզապես այդ նախագահի օրոք տեղի է ունեցել առնվազն երկու իրադարձություն` Հոկտեմբերի 27 և Մարտի 1, որոնք երկու անգամ մի քանի տարով ետ գցեցին մեր երկրի զարգացումը: Վերը թվարկած գործիչներից ոչ մեկը դա թույլ չէր տա: Առաջին նախագահը կարող է անկեղծորեն վիրավորվել, երբ ինչ-որ մեկն իր նման չի մտածում, ներկայիս նախագահն այդպիսի մարդուն կփորձի համոզել իր ճշմարտացիության մեջ: Երկրորդ նախագահը երբ տեսնում է , որ իր հետ համաձայն չեն, զուտ բնազդորեն ձեռքը տանում է դեպի ատրճանակը: Նույն ռեժիմի պայմաններում կա բնավորությունների տարբերություն, և Ռոբերտ Քոչարյանի բնավորության առանձնահատկությունները կարող են երկրի համար վտանգավոր լինել: Եթե իմ հարգարժան բարեկամները ՀԱԿ-ից կամ թե ակամա դրան նպաստում են, ապա, ինձ թվում է, սխալ են վարվում»: