Եվրամիությունը հնարավոր է վերանայի իրանական նավթի նկատմամբ սահմանած էմբարգոյի մասին որոշումը
Եվրամիությունը հնարավոր է վերանայի իրանական նավթի նկատմամբ սահմանած էմբարգոյի մասին ընդունված որոշումը:
Այդ մասին հաղորդում է իրանական “ՄԵՀՐ” լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության՝ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ ԵՄ անդամ որոշ երկրներում առաջացած ծանր տնտեսական պայմանների պատճառով հնարավոր է, որ իրանական նավթի նկատմամբ սահմանված էմբարգոյի մասին որոշումը վերանայվի:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին ԵՄ անդամ երկրները որոշում կայացրեցին իրանական նավթի նկատմամբ էմբարգո կիրառել հուլիսի սկզբից: Որոշման համաձայն` ԵՄ անդամ երկրները մինչև 2012 թ. հուլիս ամիսը պետք է դադարեցնեն Իրանի հետ նավթի ներմուծման մասին կնքված պայմանագրերը:
Նկատենք, որ օրերս իրանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Իրանը, ի պատասխան ԵՄ գործողությունների, դադարեցրել է նավթի առաքումը Գերմանիա, Հունաստան և Իսպանիա:
Հավելենք, որ օրերս ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, անդրադառնալով Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցներին, հայտարարել էր, որ Իրանն այնքան պաշարներ ունի, որ երեք տարի էլ նավթ չվաճառի, երկիրը հանգիստ կկառավարվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու