Զարուհի Փոստանջյա՞ն, թե՞ Սաթիկ Սեյրանյան. «Ինձ թվում է` պատասխանն այնքան միանշանակ է»
«Ինձ թվում է` պատասխանն այնքան միանշանակ է, եթե «Ժառանգություն»-ից առաջադրված մարդ կա, էլ ի՞նչ որոշենք»,-Panorama.am-ի հարցին, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշել է, ում է սատարելու թիվ 4 ընտրատարածքում, այսպես պատասխանեց կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» ընտրություններին մասնակցում են միասնական ցուցակով:
Արաբկիր վարչական շրջանը ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված են ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ում սատարում է ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ից` Զարուհի Փոստանջյանը, անկուսակցական Սաթիկ Սեյրանյանը, ով հայտարարել էր, թե ակնկալում է «Ազատ դեմոկրատների» աջակցությունը, և Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), ում սատարում է իշխող կուսակցությունը:
Մամուլում հրապարկումներ եղան, իբր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիրներից Արարատ Զուրաբյանը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջել է, որպեսզի թիվ 4-ից հանեն Փոստանջյանի թեկնածությունը` հօգուտ Ս. Սեյրանյանի: Ա. Առաքելյանն ասաց, թե նման խոսակցությունից տեղյակ չէ, ուղղորդեց դեպի «Ժառանգության» ներկայացուցիչը:
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ նշեց, որ ինքը նման տեղեկություններ չունի, նման բան չկա:
Ինչ վերաբերում է հարցին, թե Արարատ Զուրաբյանը նեղացած է ու նախընտրական շտաբ չի այցելում, Ա. Առաքելյանը հակադարձեց, թե շատերը շտաբ չեն գալիս, «իրենց գործերով են զբաղված», ապա կատակով ավելացրեց. «ինքը չի գալիս, մենք ենք գնում նրա մոտ»:
Ի դեպ, այսօր Զարուհի Փոստանջյանն առաջին անգամ իր ընտրատարածքում հանդիպում է անցկացրել ընտրողների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում