Ինչո՞ւ էր հայ տպագրության 400-ամյակը Հովհաննես Թումանյանը տոնում Սանկտ Պետերբուրգում. անցյալի հետքերով
Երևանը «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» հեղինակավոր տիտղոսը կրելու իրավունքը նվաճել է հայատառ տպագրության 500-ամյա ժառանգությամբ: Այս տարի նշվում է նաև Հայկական տպագրության 500-ամյակը, որին նվիրված հոբելյանական հանդիսությունների մեկնարկը տրվել է հենց Վենետիկում, որտեղից սկսվել է հայ գրատպության պատմությունը:
Վենետիկում, 1512թ.` Գուտենբերգի տպագրության գյուտից ընդամենը վեց տասնամյակ անց, ձեռագիր գրքի պաշտամունք ունեցող Հակոբ Մեղապարտը ստեղծել է առաջին հայկական տպագիր գիրքը: Առաջին տպագիր գրքերը` Ուրբաթագիրքը, Պարզատումարը, Սաղմոսարանը, հայկական ձեռագիր մատյանների տեսքով ու նմանությամբ էին արված, ինչը նաև ավանդույթի շարունակություն էր հուշում: Հայկական գրատպությունը սկսվել է Վենետիկով ու անկասելի ընթացքով շարունակվել դեպի Մադրաս, ապա 1616թ.` Լվով, 1623թ.` Հռոմ, 1624թ.` Միլան, 1633թ.` Փարիզ, 1640թ.` Նոր Ջուղա, 1655թ.` Ամստերդամ: Հետո Սանկտ Պետերբուրգ, Պոլիս, Թիֆլիս, Շուշի և վերջապես Երևան: Աշխարհի երեք տասնյակից ավելի քաղաքներում 1512-1920թթ. լույս տեսած 11 հազար անուն գրքերի մեծ մասը տպագրվել է հայրենիքից դուրս. Վենետիկ (2243), Պոլիս (5492), Թբիլիսի (3637): Միայն 1920-40թթ. հրատարակվել է 18 հազար անուն գիրք:
Նշենք, որ հայկական առաջին տպագիր գիրք «Ուրբաթագիրք»-ն ունի 8 մամուլ, վերջին մամուլը 6 թերթից: Ութածալ: Էջակալություն չունի, համարակալված են մամուլները հետևյալ կերպ` ա, բ, գ, դ, ե, զ, է և յուրաքանչյուր մամուլի առաջին երեք թերթերը: Ընդամենը` 62 թերթ (124 էջ): Շարվածքի չափը` 11x6,5 սմ: Գիրքն ունի 24 վերնախորագրային զարդանախշ, տպագրված է սև և կարմիր գույներով։ «Ուրբաթագրքի» մեկ օրինակ պահպանվում է Ազգային գրադարանում, որն էլ գրադարանի ֆոնդի ամենահին գիրքն է հանդիսանում։
Միջոցառումների պաշտոնական կայքում նշված է, որ 1912թ. հայ եկեղեցին, հայկական համայնքները, առանձին հայ մտավորականներ, գիտակցելով գրատպության դերը, կարողացել են նշել Հայ տպագրության 400-ամյակը: Պետականության բացակայության պայմաններում նրանց ջանքերը սահմանափակված էին, քանի որ գրեթե անհնարին էր այդ տոնը նշել երկիր- բնօրրանից դուրս: Մի քանի մտավորականներ փորձել են իրական տոնը հայ ժողովրդին հասու դարձնել, իրենց իսկ բնորոշումով` «ազատ Ֆրանսիայի մայրաքաղաքից», իսկ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը` հեռավոր Սանկտ Պետերբուրգից:
Հայկական գրքի ներկայացման համար կարևորագույն այս երկու միջոցառումները հնարավորություն է ընձեռում հատուկ ցուցահանդեսների ժամանակ տեսնել արտերկրի գրադարաններում ու թանգարաններում պահվող հնատիպ հայ գիրքը` 1106 նմուշների ցուցադրումով ակնառու դարձնելով հայ գրքի տպագրության աշխարհագրությունն ու ստեղծագործ միտքը: Տարին կընթանա հայ գրքի հետքերով` ցուցահանդեսներ և գրքի տոնավաճառներ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, Իտալիայի Կոռեր թանգարանում, Մադրասում, Ամստերդամի ազգային գրադարանում և այլուր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում