Այսօր յուրօրինակ տոն է հայ ժողովրդի համար
Այսօր յուրօրինակ տոն է հայ ժողովրդի համար. երեկոյան Երևանը պաշտոնապես ստանձնելու է 2012 թվականի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը: Այդ առիթով, ինչպես նաև Հայ գրատպության 500-ամյակ հոբելյանի, Երևանը վերածվելու է մի մեծ տոնական հրապարակի, որի տարբեր հատվածներում, պուրակներում, հրապարակներում և երևանցիների սիրված վայրերում օրվա տարբեր ժամերին տեղի են ունենալու համերգներ, ներկայացումներ ու տոնական հանդեսներ: Միջոցառումներ են անցկացվելու նաև հայ և համաշխարհային գրողների անվանակիր շուրջ 60 դպրոցներում, Երևանի 12 վարչական շրջանների կենտրոններում: Բոլոր միջոցառումների կենտրոնում գիրքն ու գրականությունն է, գրողն ու ընթերցողը: Նշենք, որ բոլոր միջոցառումների կարգախոսն է՝ «ԱմրաԳրի´ր ապագադ»:
Եվ այսպես:
Նախ հիշեցնենք, որ նախօրեին արդեն Գաֆէսճյան կենտրոնում բացվել է «ArmBookExpo» գրքի ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցել են հայալեզու կամ հայկական թեմայով օտարալեզու գրքեր տպագրած հրատարակչություններն ու տպագրատները՝ Հայաստանից և արտերկրից: Իսկ ահա այսօր կենտրոնի բոլոր սրահներում ու հարթակներում անցկացվելու են գրքին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ՝ ֆիլմերի, գրքերի` Անտոնիա Արսլանի «Զմյուռնիայի ճանապարհին», Վարուժան Ոսկանյանի «Շշուկների գիրքը» և այլ հրատարակությունների շնորհանդեսներ: Հայ գրերի խորհուրդը ներկայացվելու է թռչնագիր տառերի պատկերով, հայոց տառերը` մետաքսագրությամբ, անցկացվելու են դասախոսություններ, որոնց թվում Սերգեյ Մերկուրովի ստեղծագործական գաղտնի էջերը ներկայացնելու է քանդակագործի թոռը` Անտոն Մերկուրովը: «Հայ արվեստի վարպետներ և գանձեր» շարքից Արշակ Ֆեթվաճյանին ներկայացնելու է Լևոն Չուքասզյանը: Առանձին ցուցադրությամբ ներկայացվելու են նաև երեք` «Սասունցի Դավիթ», «Վիլյամ Սարոյան» և «Սայաթ- Նովա» խորագրերով նախագծերը: Կասկադի արտաքին հարթակներում և Գաֆէսճյան քանդակների պարտեզում անցկացվելու են բացօթյա ընթերցումներ, քննարկումներ, թեմատիկ նկարչություն:
Հանրապետության հրապարակում աշակերտների ու ստեղծագործ նկարիչ պատանիների մասնակցությամ լինելու է կավճանկարչություն ու գեղանկարչություն, քայլերթ, Սարյան արձանի պուրակում անվանի արվեստագետներն ընթերցելու են հայ պոեզիայի լավագույն նմուշները, Վ. Տերյանի արձանի պուրակում երիտասարդ պոետները ներկայացնելու են հեղինակային պոեզիան: Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մայրենիներով հրապարակված գրականության ցուցահանդես-տոնավաճառ է կազմակերպվելու, նաև բուհերի ուսանողներն ընթերցելու են համաշխարհային գրականության բնագրերը:
Խամաճիկների պետականի թատրոնի դիմաց բեմադրվելու է Հ. Ք. Անդերսենի «Արքայադուստերը սիսեռահատիկի վրա», Մոսկվայի պուրակում՝ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն), Վ. Սարոյանի արձանի մոտ՝ «Հավերժողը» (Համազգային պետական թատրոն), Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ «Եսենին» (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն), Մ. Նալբանդյանի արձանի հարակից տարածքում՝ «Հեքիաթի երգը» (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն), Հյուսիսային պողոտայում՝ «Գրքից եկածները» (Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն), Շահումյան հրապարակում հատվածներ «Չարենց» և «Ալեք» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Անգլիական այգում՝ «Մենախոսություններ» (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) ներկայացումները:
Կոնսերվատորիայի պուրակում և Վ. Մամիկոնյանի արձանի հրապարակում հայ և օտարազգի գրողների անվանակիր երևանյան դպրոցների աշակերտների մասնակցությամբ բեմադրվելու է «Իմ դպրոցի անունն է…» և «Հանուն գիր ու գրքի» խորագրերով ներկայացումների շարք, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի շքամուտքում գրադարանի թատերախմբերը ներկայացնելու է «Այբուբեն»:
Կոնսերվատորիայի պուրակում «Օշական երգչախումբը» կատարելու է ռոմանսներ ու խմբերգեր դասականների խոսքերով, Ալին Գոյան ներկայացնելու է «Կոմիտասական» երգերի շարքը: Կիրովի անվան մանկական զբոսայգում անցկացվելու է «Երևանյան էսքիզներ» խորագրով միջոցառումներ, որի ընթացքում ելույթ է ունենալու փղային նվագախումբ, լարախաղացներ, Հյուսիասային պողոտայում Թ. Ալթունյանի անվան երգի պարի անսամբլը ներկայացնելու է «Հայրեններ», Վ. Մամիկոյանի արձանի հրապարակում ելույթ է ունենալու «Բերդ» անսամբլը, «Առագաստ» սրճարանի տարածքում էլ՝ «Իմպրովիզ» ջազ նվագախումբը: «Կարապի» լճում ջրային էկրանին ցուցադրվելու է «Գրքի հաղթարշավ» ֆիլմը»:
Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքում, հյուրընկալվելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած Ազգային գրադարանների տնօրեններ, պատասխանատուներ, մտավորականներ, գրողներ: Նրանք հանդիպում են ունենալու Գրադարանների ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիայի նախագահ Ինգրիդ Փարենթի հետ, ապա տեղի է ունենալու «Գուտենբերգից մինչև թվային դարաշրջան. անավարտ պատմություն գրադարանների համար» թեմայով քննարկում: Գրադարանում բացվելու է նաև տարբեր երկրների հնատիպ ու վաղ շրջանի գրքերի ցուցահանդեսը:
Ժամը 20.00-ին «Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից» խորագրով տեղի է ունենալու աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի տոնական մենահամերգը Ազատության հրապարակում` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, պետական կամերային և «Հովեր» երգչախմբերի մասնակցությամբ: Համերգային ծրագրում Բոչելին ներկայացնելու է օպերային արվեստի դասականների ու ժամանակակից կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունների ընտրանին` սկսած Գայտանո Դոնիցետիի, Ջակոմո Պուչինիի, Ջուզեպե Վերդիի, Բիզեի ստեղծագործություններից մինչև Նինո Ռոտայի երաժշտությունը: Նշենք, որ համերգն անվճար է, այն ներկայացվելու է նաև քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված մեծ էկրաններով:
Օրվա տոնական միջոցառումների գագաթնակետը Մատենադարանի հարակից տարածքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսի փոխանցման շքեղ հանդիսությունն է 2011 թ. գրքի մայրաքաղաք Բուենոս-Այրեսից Երևանին: Որպես պատվավոր հյուր, միջոցառմանը մասնակցելու են նաև 2013 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Բանգկոկի ներկայացուցիչները: Հնչելու է Երևանի հիմնը` Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ: Արգենտինյան, թայլանդական և հայկական պարախմբերի ելույթներին հաջորդելու են Մատենադարանի կոթողային շենքի ճակատային պատին հայ գրքերի և գրի պատմությունը ներկայացնող եռաչափ գրաֆիկական, տեսապատկերային ծրագիրը և շքեղ հրավառություն: Կազմակերպվելու է նաև աշխարհում այսօր կիրառվող այբուբենների թատերականացված ներկայացում-շքերթ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են