«Թույլ չտալ պատմության կեղծում` հանուն ինչ-որ քաղաքական նպատակների».Գրքի մայրաքաղաք միջոցառման պատվիրակները՝ Ծիծեռնակաբերդում
ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հետ կապված միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող պաշտոնական պատվիրակության անդամներն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշարձանային համալիր, հարգեցին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
Ցեղասպանույան ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց դրվագներ դարասկզբի պատմությունից և եղեռնի տարեգրությունը: Այնուհետև պատվիրակության անդամները ծանոթացան 20-րդ դարի սկզբներին տեղի ունեցած ողբերգությանն առնչվող նյութերի հետ:
Հայաստան ժամանած պատվիրակությունների շարքում են ներկայացուցիչներ՝ Բուենոս-Այրեսից, Վենետիկից, Սպահանից, Բանգկոկից, Մինսկից … դրանց մի մասը ներկայացված են քաղաքապետների մակարդակով:
Լրագրողների հետ զրույցում Բանգկոկի պատվիրակության ներկայացուցիչը Թաիլանդի կառավարության և Բանգկոկի քաղաքապետարանի կողմից ցավակցութուն հայտնեց` կապված ցեղասպանության հետ:
Իսկ Մինսկի քաղաքապետարանի ներկայացուցիչ Իգոր Կարպենկոն, կիսվելով իր տպավորություններով` կապված Ցեղասպանության թանգարանում առկա նյութերի հետ, նշեց. «Ես ինքս մասնագիտությամբ պատմաբան եմ: Պատմությունը չի կարելի մոռանալ: Պատմությունը պետք է հիշել, որպեսզի եզրակացություններ անել և առաջ շարժվել: Այն , ինչ մենք այսօր տեսանք այս թանգարանում, մեզ մեկ անգամ ևս ստիպում է պատմական անցյալից դասեր քաղել և թույլ չտալ պատմության կեղծում` հանուն ինչ-որ քաղաքական նպատակների»:
Այնուհետև անդրադառնալով Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու փաստին և Երևան-Մինսկ հարաբերությունների զարգացմանը, ընդգծեց. «Մենք այս այցն օգտագործում ենք համագործակցությունն ակտիվացնելու համար, որպեսզի գտնենք այն ուղղությունները, որոնք մեզ թույլ կտան մոտեցնել մեր հարաբերություններն ու կապերը»:
Նա կարևորեց նաև Բելառուսի և Հայաստանի միջև գրքերի փոխանակումը, որպեսզի Հայաստանում և Բելառուսում հրատարակվող արժեքավոր գրքերը երկու երկրների գրադարաններում էլ լինեն:
Օտարերկրյա քաղաքապետարանների պատվիրակությունների այցելությունը Երևան, Panorama.am-ի հետ զրույցում ճանաչողական առումով բարձր գնահատեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նշելով, որ Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հետ կապված սպասելիքները մեծ են և այդ քաղաքաների հետ ակնկալվում է առարկայական և լուրջ համագործակցություն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են